Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Արդարադատության ակադեմիայի` 850 մլն դրամ արժողությամբ նոր շենքն է բացվել Երևանում

18.03.2014, 17:02
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի մասնակցել է Երևանում գտնվող Արդարադատության ակադեմիայի նոր համալիրի բացման արարողությանը, որի շինարարությանն ուղղվել է մոտ 850 մլն դրամ։
Արդարադատության ակադեմիայի` 850 մլն դրամ արժողությամբ նոր շենքն է բացվել Երևանում
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի մասնակցել է Երևանում գտնվող Արդարադատության ակադեմիայի նոր համալիրի բացման արարողությանը, որի շինարարությանն ուղղվել է մոտ 850 մլն դրամ։

Արդարադատության ակադեմիայի շենքը գտնվում է Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և զբաղեցնում է մոտ 2,7 հազար քառակուսի մետր տարածք։ Շենքի շինարարությունն իրականացվել է Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին։

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 13–ի նիստի ընթացքում հավանության է արժանացրել «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ–ի ստեղծումը։ 2013 թ.–ի մայիսին հանրապետությունում Արդարադատության ակադեմիայի ստեղծումը նախատեսող օրինագիծը հավանության է արժանացել խորհրդարանի կողմից։

Ինչպես լրագրողներին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Ակադեմիայի ստեղծումը նախատեսված է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների 2012–2016 թթ. ռազմավարության շրջանակներում։

«Միջազգային փորձը վկայում է այն մասին, որ դատական մարմինների և դատախազության մարմինների համար կադրերի պատրաստման մեխանիզմները տարբերվում են մնացած պետական ծառայողների պատրաստման մեխանիզմներից, և այս կառույցներում աշխատելու համար միայն բարձրագույն կրթությունը բավարար չէ», – նշել է նա։

Նախարարի խոսքերով` 2007 թ.–ին ընդունվել է նոր Դատական օրենսգիրքը, որտեղ նախատեսված է Դատական և Դատախազական դպրոցի ստեղծումը, սակայն այս երկու հաստատություններն աշխատել են իրարից անկախ, ինչը մի շարք խնդիրներ էր առաջացնում։

«Արդարադատության ակադեմիայում այս երկու դպրոցների միավորումը թույլ կտա կազմակերպել ռեսուրսների օպտիմալ կառավարում, կատարելագործել կրթական մեթոդաբանությունը, կազմակերպել ուսուցում միասնական համակարգով, ինչը թույլ կտա բացառել դատախազության դատական մարմինների ապագա աշխատակիցների միջև իրավական նորմերի տարբեր մեկնաբանությունը», – ավելացրել է նա։

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն իր հերթին տեղեկացրել է, որ ուսումնական հաստատությունը սկսել է գործել 2014 թ.–ի հունվարի 1–ից։

«Ակադեմիայի գործունեության հիմնական նպատակներն են ձևավորել անհրաժեշտ հմտություններ դատախազի և դատավորի թեկնածուների շրջանում, ինչպես նաև ընդլայնել պրոֆեսիոնալ գիտելիքները, մշտապես կատարելագործել գործող դատավորների, դատախազների, դատական ծառայողների պրոֆեսիոնալ գիտելիքներն ու աշխատանքային հմտությունները, իրականացնել համատեղ կրթական ծրագրեր», – ասել է նա։ ($1 – 414,96 դրամ) --0—