Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
411.39
RUB
4.2196
GEL
141.1
2025 թ. փետրվարի 13, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-8

ՊԵԿ–ը պարզաբանել է Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնության արգելափակման լուրերը

22.02.2021, 20:27
ՀՀ պետեկամուտների կոմիտեն արդարացել է Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնության արգելափակման լուրերը
ՊԵԿ–ը պարզաբանել է Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնության արգելափակման լուրերը
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ պետեկամուտների կոմիտեն արդարացել է Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնության արգելափակման համար։

Հայկական ԶԼՄ–ներում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնությունը երկու ամսից ավելի է՝ արգելափակվել է Երևանի պահեստներից մեկում։

Այս կապակցությամբ ՊԵԿ–ից նշել են, որ 2020թ.-ի դեկտեմբերի 20-ին Ֆրանսիայից բարեգործական հասարարական կազմակերպության կողմից ՀՀ ներմուծվել է 8271 կգ ապրանք, որը, կազմակերպությունը ցանկացել է ձևակերպել «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով։

ՊԵԿ–ից հայտնել են, որ ապրանքներն ուղեկցող հաշիվ-ապրանքագրում նշված է ընդհանուր 740 անվանում ապրանք, որոնց մեջ առկա են նաև մեծ քանակությամբ դեղորայք և սնունդ։

«ՊԵԿ-ը ՀԿ-ի ներկայացուցիչներին բազմիցս տեղեկացրել է, որ մաքսային ձևակերպումների ժամանակ սնունդ և դեղորայք հայտարարագրելու համար անհրաժեշտ են ՀՀ կառավարության կողմից սահմանված համապատասխան մարմինների թույլտվություններ, որոնք մինչև այս պահը չեն ներկայացվել մաքսային մարմիններին», – նշվում է ՊԵԿ–ի պարզաբանման մեջ։

Գերատեսչությունից հայտնել են, որ սնունդ ներմուծելիս անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված անվտանգության սերտիֆիկատ, ինչը հաստատում է ներմուծված սննդի անվտանգ լինելու մասին։

ՊԵԿ–ից նշել են, որ մաքսային մարմինների աշխատանքային պրակտիկայում հանդիպել է դեպք, երբ նույնպես Ֆրանսիայից «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով սնունդ ձևակերպելիս, սննդի անվտանգությունը ստուգող մարմինը պարզել է, որ ներմուծված պահածոյացված սնունդը ժամկետանց է, և արգելել է դրանց ներմուծումը, ուստի առանց համապատասխան թույլտվության հնարավոր չէ սնունդ ներմուծել Հայաստանի Հանրապետություն։

«Դեղեր և դեղամիջոցներ հայտարարագրելու համար անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարության թույլտվություն (դեղերի և դեղանյութերի ներմուծման հավաստագիր), քանի որ հնարավոր է՝ լինեն հոգեմետ կամ ՀՀ-ում չգրանցված կամ ժամկետանց դեղամիջոցներ, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել սպառողին», – նշել են ՊԵԿ–ից։

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է նաև, որ մաքսային մարմիններն աջակցել են կազմակերպությանը՝ մաքսային ձևակերպումներն իրականացնող միջնորդ, ինչպես նաև ապրանքների պահպանությունն իրականացնող կազմակերպություններին հորդորելով, որ ծառայություններն իրականացնեն անվճար և ցուցաբերեն անհրաժեշտ օգնություն, ինչը և իրականացվել է։–0–