ԱՀ ՊՆ-ն հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին իրենց մոտ հայտնված հայ զինծառայողի վերաբերյալ:
«Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է ս.թ. օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիները ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ», - նշվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարում է նաև, որ իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն և սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը:
Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել է, որ երկուշաբթի` օգոստոսի 12-ին ժամը 12:00-ի սահմաններում ՊԲ զինծառայող է լքել մարտական դիրքը։ 2000թ. ծնված զինծառայող` Արայիկ Հայկի Ղազարյանը դեռևս չպարզված հանգամանքերում լքել է մարտական դիրքը ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:-0-