ԱԻ նախարարը հրավիրվել է ոստիկանություն «Օլիմպավանում» գրանցված միջադեպի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 2-ին «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել է ՔԿ Մաշտոցի բաժին:
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, հուլիսի 2-ին ժամը 21-ն անց 30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։ Ոստիկանները պարզել են, որ տղամարդը վնասվածքները ստացել է, նախնական տվյալներով՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում։ Ըստ տուժողի հաղորդման, նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար 46-ամյա Էդուարդ Բաբայանը, ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)։
«Հուլիսի 2-ին «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել է ՔԿ Մաշտոցի բաժին: Հրաչյա Ռոստոմյանը հայտնել է, որ նշված օրը ինքը մասնակցել է Օլիմպիական կոմիտեի կողմից հրավիրված նիստին. նիստը ավարտվելուն պես հեռացել է «Օլիմպավանից»», – Facebook–յան իր էջում գրել է ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը։–0–