Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-2

ԱԺ–ն հաստատեց դայակ վարձելիս երիտասարդ մայրերին աջակցող օրենքը

06.12.2017, 14:55
ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Զբաղվածության մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները:
ԱԺ–ն հաստատեց դայակ վարձելիս երիտասարդ մայրերին աջակցող օրենքը
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Զբաղվածության մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները, որոնցով նախատեսվում է երիտասարդ մայրերին պետական աջակցություն ցուցաբերել մինչև 2 տարեկան երեխայի համար դայակ վարձելիս։ 

Ինչպես օրինագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, օրենքով նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել երիտասարդ մայրերին, ովքեր գտնվում են մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ցանկանում են աշխատանքի դուրս գալ։ 

«Պետությունը պատրաստ է վճարել դայակի աշխատավարձի 50%–ը, սակայն այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը` 55 հազար դրամը։ Փաստորեն, եթե դայակի աշխատավարձը կազմում է 110 հազար դրամ, ապա պետությունը կվճարի 55 հազարը, մնացած գումարը վճարում է ծնողը», – ասաց Ասատրյանը։ 

Նախարարը պարզաբանեց, որ հարկումն իրականացվելու է կամ ծնողներից կամ դայակից։ Օրինակ, եթե աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ, ապա մոտ 25 հազարը կվճարվի որպես հարկ, ինչից հետո կտրամադրվի պետության փոխհատուցումը` 55 հազար դրամի չափով։

Միաժամանակ նա նշեց, որ դայակի և ծնողների միջև պարտադիր կարգով պետք է կնքվի համապատասխան պայմանագրի, որի առկայության դեպքում միայն պետությունը կկատարի պարտավորությունների իր մասը, այսինքն կվճարի դայակի աշխատավարձի մի մասը։ 

Ինչպես կարծում է նախարարը, սա խթան կդառնա երեխաներ ունենալու որոշման ընդունման համար և թույլ կտա մի փոքր բարելավել երկրի ժողովրդագրական իրավիճակը, քանի որ մայրերը կիմանան, որ կստանան պետական աջակցություն։ 

Նա նաև նշեց, որ եվրոպական երկրներում երիտասարդ մայրերի զբաղվածությունը կազմում է 75–80%, ընդ որում այդ երկրներում սոցիալական իրավիճակը շատ ավելի լավ է, այդ թվում` ծնելիության ցուցանիշը։ 

«Մենք մեր առջև խնդիր չենք դնում դայակներին բերելու հարկային դաշտ, քաղաքացիները կարող են կամավոր կերպով օգտվել օրենքից։ Եթե նրանք ցանկանում են վերադառնալ աշխատանքի և երեխայի խնամքի հետ կապված խնդիր ունեն, ապա մայրերը կարող են մասնակցել ծրագրին, իսկ եթե կան կասկածներ, ապա նրանք կարող են ընդունել ինքնուրույն որոշում, նրանք իրավունք ունեն չօգտվել պետական ծառայություններից», – ասաց Ասատրյանը։ 

Նախարարը նաև նշեց, որ վերջին տվյալներով` ամեն տարի Հայաստանում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվում է 13 հազար մայր, սակայն դեռ հաշվարկներ չեն կատարվել և պարզ չէ, թե նրանցից որքանը կցանկանա վերադառնալ աշխատանքի։ Այս կապակցությամբ պետբյուջեում նախնական նախատեսված են ծախսեր 200 մարդու հաշվարկով, միաժամանակ հնարավորություն կա վերանայել միջոցները պահանջարկի ավելի բարձր առկայության դեպքում ($1 – 484,66 դրամ)։ -0-