ԱԺ–ում ահաբեկչություն կազմակերպած Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման խնդրանքով
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. 1999թ.–ի հոկտեմբերի 27–ին Հայաստանի Ազգային ժողովում ահաբեկչություն կազմակերպած Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։
Այս մասին հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի աշխատակցին։
Զրուցակցի խոսքով, Հունանյանը դիմումը ներկայացրել է սեպտեմբերի 11–ին։
«Դիմումի պատասխանը հայտնի կդառնա 80 օրում», – նշել է գործակալության զրուցակիցը։
1999թ.-ի հոկտեմբերի 27-ին մի խումբ ահաբեկիչներ, ներխուժելով Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ, գնդակահարեցին այնտեղ գտնվող երկրի ղեկավարներին, խորհրդարանի և կառավարության անդամներին։
20 տարի առաջ` 1999թ.–ի հոկտեմբերի 27–ին, ՀՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում Նաիրի Հունանյանի հանցախմբի ոճրագործության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։
Ահաբեկիչների դատը սկսվել է 2001թ.-ին և ավարտվել 2003-ին: Մեղադրող կողմը պահանջում էր առավելագույն պատժամիջոց, սակայն 2003թ.-ի սեպտեմբերին Հայաստանում մահապատիժը վերացվեց՝ ԵԽ պարտավորություններին համապատասխան:
Ցմահ բանտարկության դատապարտվեցին վեց ահաբեկիչներ, այդ թվում` հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման:
Բոլոր յոթը մեղավոր են ճանաչվել ՀՀ ՔՕ մի շարք հոդվածներով՝ հայրենիքի դավաճանություն, ահաբեկչություն, հատկապես վտանգավոր պետական հանցագործությունների իրականացում։-0-