ԱՆ. Հայաստանում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում տիրող համաճարակային պատկերին, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նկատվում է սուր շնչառական վարակների բնականոն, օրինաչափ ընթացք:
2016 թվականի 40–րդ շաբաթում (3-9.10.2016թ.) արձանագրվել է սուր շնչառական վարակների 1873 դեպք, 2015 թվականին՝ 1846, 2014-ին` 2105 դեպք:
«Կատարված լաբորատոր հետազոտությունների համաձայն` այսօր հանրապետությունում շրջանառում են միայն շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ: Գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել», – նշվում է հաղորդագրության մեջ։
Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք, մնացեք տանը, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի զբաղվեք ինքնաբուժմամբ։
Խորհուրդ է տրվում չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար։ Հարկավոր է հագնվել եղանակին համապատասխան, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկ, հաճախակի օդափոխել փակ տարածքները, հետևել անձնական հիգիենային:–0–