Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Բերդում կանցկացվի Մեղրի և հատապտուղների ավանդական փառատոնը

19.08.2016, 16:29
Մեղրի և հատապտուղների 5-րդ ամենամյա փառատոնը տեղի կունենա Տավուշի մարզի Բերդ քաղաքում օգոստոսի 21-ին:
Բերդում կանցկացվի Մեղրի և հատապտուղների ավանդական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. / ԱՌԿԱ/. Մեղրի և հատապտուղների 5-րդ ամենամյա փառատոնը տեղի կունենա Տավուշի մարզի Բերդ քաղաքում օգոստոսի 21-ին, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամի և Տավուշի մարզի Բերդի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող փառատոնի նպատակն է` նպաստել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը՝ խթանելով տեղական ապրանքատեսակների արտադրությունը, դիրքավորելով տարածաշրջանը որոշակի արտադրական բաղադրիչներով, նպաստելով բիզնես շփումներին, ձևավորելով բարենպաստ զբոսաշրջային միջավայր։ 

Այցելուները կարող են համտեսել տարածաշրջանի համեղ մեղրը, հատապտուղները և ավանդական խոհանոցի ուտեստները, ծանոթանալ ավանդական արհեստագործական մշակույթին, վայելել ավանդական երգն ու պարը։

«Մեղրի և հատապտուղների փառատոնը» տարածաշրջանի ամենախոշոր միջոցառումն է, և փառատոնին մասնակցությունը սահմանամերձ տարածաշրջանի բնակչությանը զորակից լինելու յուրովի միջոց է։ Բերդ քաղաքը՝ շրջակա 16 գյուղերի հետ, հանդիսանում է Հայաստանի հյուսիս-արևելյան դարպասը և ունի 185 կմ սահման Ադրբեջանի հետ», - նշվում է հաղորդագրության մեջ։

Փառատոնի շրջանակներում տեղի կունենան Հայաստանի պետական ջազային նվագախմբի և Նարեկացի նվագախմբի բարեգործական համերգները։

Փառատոնը կազմակերպվում է Վերածննդի երիտասարդներ հիմնադրամի, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության, «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ -0–