Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+28

Երևանի կենտրոնում կգործի նոր գյուղատնտեսական տոնավաճառ

20.07.2016, 12:45
Հուլիսի 23-ին Մաշտոցի պողոտային հարող տարածքում կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:
Երևանի կենտրոնում կգործի նոր գյուղատնտեսական տոնավաճառ

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 23-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Տոնավաճառը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:

Այս տարի Կասյան փողոցի վերջնամասում գործող տոնավաճառը վերաբացվել է հունիսի 11-ին: Բացման պահից մինչ օրս այստեղ կազմակերպվել է 12 տոնավաճառ, որին մասնակցել են 1740 գյուղացիական տնտեսություններ: Օրական իրացվել է շուրջ 40-50 տոննա գյուղմթերք: 

Տոնավաճառին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրում է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:

Տոնավաճառն անցկացվում է 2011 թ.-ից: Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Տոնավաճառի ավարտին կազմակերպվում են տարածքի մաքրման աշխատանքներ: -0-