Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Երևանում սպասվում է 41-42 աստիճան տաքություն

02.08.2017, 14:13
Սաստիկ շոգը պիկին կհասնի օգոստոսի 6-ին և 7-ին:
Երևանում սպասվում է 41-42 աստիճան տաքություն

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է սաստիկ շոգ: Այս մասին չորեքշաբթի ասուլիսի ընթացքում ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Այս պահին ջերմային ցիկլոնը Իրաքից դեպի հյուսիս է շարժվում և արդեն վաղը կհասնի Կովկաս»,– նշեց նա։  

Սուրենյանի խոսքերով օգոստոսի 3-7-ը Հայաստանը կգտնվի այդ ցիկլոնի ազդեցության ներքո։  

 «Տաք օդային հոսանքն ավելի շատ կազդի Արարատյան դաշտի և Սյունիքի հովտային գոտիների վրա։ Վաղվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ: Եթե վերջին 2 օրը Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային գոտիներում օդի միջին ջերմաստիճանը չի գերազանցել 38 աստիճանը, ապա վաղվանից ամեն օր մեկ աստիճանով ջերմաստիճանը կբարձրանա»,–հավելեց Սուրենյանը։ 

Ըստ նրա` առավելագույն ջերմաստիճան կգրանցվի օգոստոսի 6-ին և 7-ին:

«Այդպիսով, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36 աստիճանի, ինչը լեռնային շրջաների համար բավական բարձր ջերմաստիճան է: Լոռիում առավելագույն ջերմաստիճանը կանխատեսվում է 36 աստիճան, իսկ Տավուշի հովտային գոտիներում`39 աստիճան տաքություն։ Կոտայքի և Արագածոտնի նախալեռնային գոտիներում` 38-40 աստիճան»,–նշեց նա։ 

Ըստ Սուրենյանի` Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 6-ին և 7-ին ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի։ 

«Առանձին վայրերում չի բացառվում, որ ջերմաստիճանը հասնի 42 աստիճանի: Նույնպիսի ջերմաստիճան է կանխատեսվում նաև Սյունիքի հովիտներում»,– տեղեկացրեց նա։

Գագիկ Սուրենյանը զգուշացնում է, քանի որ օդային  հոսանքը գալիս է արաբական անապատներից, օդի մեջ կտրուկ կավելանա փոշու կոնցենտրացիան, արդյունքում` հորիզոնական տեսանելիությունը կնվազի։

«Բացի այդ, կնվազի նաև օդի հարաբերական խոնավությունը։ Մենք խորհուրդ ենք տալիս ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, ինչպես նաև մաքուր օդում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Խորհուրդ ենք տալիս օգտագործել շատ հեղուկներ և առհասարակ հրաժաևվել ալկոհոլային խմիչքներից»,–ասաց Սուրենյանը:-0-