Գյումրին պետք է վերականգնվի և գյումրեցու կյանքով ապրի. ՀՀ նախագահն այցելել է Գյումրի
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Գյումրին պետք է վերականգնվի, Գյումրին պետք է վերակենդանանա և գյումրեցու կյանքով ապրի, որովհետև ունեցած ժառանգությունը չի կարելի կորցնել , նախօրեին ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողներին։
Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, նախագահը նախօրեին կարճատև աշխատանքային այցով եղել է Գյումրիում՝ տեղում ծանոթանալու երկրագիտական թանգարանին հատկացված շենքի պայմաններին:
Նախագահը շրջել է ապագա թանգարանի տարածքում, որտեղ նախկինում տեղակայված է եղել Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը: Թանգարանային չափանիշներին համապատասխանելու համար շենքը հիմնավոր վերանորոգման կարիք ունի, ինչին խոստացել է աջակցել նախագահ Սարգսյանը:
«Ես եկել եմ ապագա թանգարանի շենքը տեսնելու և մտածելու, թե ինչպես կարող եմ օգնել: Իսկ օգնելու տարբեր ձևեր կան՝ անձնապես, ընկերների, բարեգործական ծրագրերի միջոցով: Այս թանգարանը կլինի Գյումրիի գրավիչ կետերից մեկը»,- նշել է նախագահ Սարգսյանը:
Որպես «Երևան, իմ սեր» հիմնադրամի միջազգային խորհրդի նախագահ՝ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ թանգարանի նախագծման ողջ աշխատանքների ծախսերը կստանձնի հիմնադրամը:
«Հավանաբար կարիք կունենանք հիմնադրել նոր բարեգործական կազմակերպություն, որի անունը կլինի «Գյումրի, իմ սեր»»,- ասել է նախագահը:
Ավելի վաղ Սարգսյանի օժանդակությամբ վերանորոգվել էր Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը՝ հայտնի Ձիթողցոնց տունը, որն էլ Հանրապետության նախագահի՝ Գյումրի այսօրվա այցի հաջորդ կանգառն էր:
Հանրապետության նախագահին ներկայացվել են թանգարանի ծրագրերն ու առկա խնդիրները, որոնք ևս լուծելու անհրաժեշտություն կա: Նախագահ Սարգսյանը խոստացել է ստեղծվելիք «Գյումրի, իմ սեր» հիմնադրամի միջոցով դրանք ևս լուծելու հնարավորություն գտնել:
Նախագահ Սարգսյանն այցելել է նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոն՝ շրջայցի ընթացքում ծանոթանալով իրականացվող նախագծերին: Կենտրոնում տեղակայված՝ «Թումո Գյումրի» ստեղծարար կենտրոնում նախագահը զրուցել է սաների հետ՝ տեղեկանալով նրանց կողմից կատարվող աշխատանքներին և հետաքրքրություններին: Նախագահն ասել է, որ առաջիկայում ավելի ընդգրկուն ծրագրով ևս մեկ անգամ կայցելի տեխնոլոգիական կենտրոն:
Գյումրու «Արեգակ» սրճարանը, որտեղ այցելել է Հանրապետության նախագահը, յուրօրինակ է իր մթնոլոտով, ծրագրով ու առաքելությամբ: Այնտեղ ստեղծված է օրինակելի մի միջավայր՝ ներառական սրճարան ու փուռ, որտեղ աշխատում են բացառապես հաշմանդամություն ունեցող երիտասարդներ և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ:
Սրճարանի աշխատակիցները ջերմությամբ են ընդունել նախագահին և անմիջական զրույցի միջոցով շփվել նրա հետ՝ հյուրասիրելով իրենց իսկ պատրաստած թխվածքաբլիթներով: -0-