Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+24

ՀԾԿՀ. ջրի սակագինը վերանայվում է, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում 2018 թ.–ին չի նախատեսվում

31.10.2017, 20:30
«Veolia Jur» ընկերությունն առաջարկում է բարձրացնել ջրի սակագինը։
ՀԾԿՀ. ջրի սակագինը վերանայվում է, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում 2018 թ.–ին չի նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում 2018 թ.–ին չի նախատեսվում, երեքշաբթի հայտարարեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանը խորհրդարանական հանձնաժողովներում 2018 թ.–ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում։

Նրա խոսքով, հանձնաժողովն ամեն տարի իրականացնում է էլեկտրաէներգիայի շուկայի ինքնուրույն հետազոտություն։

«Էլեկտրաէներգետիկ համակարգի սակագների ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել, սակայն արդեն կարելի է ասել, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում 2018 թ.–ի չի նախատեսվում», – ասաց Սողոմոնյանը։

Նա նաև նշեց, որ հանձնաժողովը հիմա ուսումնասիրում է «Veolia Jur» ընկերության հայտը։ Ընկերությունն առաջարկում է ավելացնել ջրի սակագինը` գրեթե 14 դրամով 1 խմ ջրի դիմաց։

Նրա խոսքով, հանձնաժողովն իրականացնում է ուսումնասիրություն և մոնիտորինգ օգտագործվող ջրի և ընկերության ծախսերի ծավալների մասով։ Ուսումնասիրությունները նախատեսվում է ավարտել հաջորդ շաբաթ, և մինչև նոյեմբերի վերջ կհրապարակվի որոշումը։

«Ընկերությունը, ըստ համաձայնության, ամեն տարի շտկում է սակագները, որոնք պայմանավորված են էլեկտրաէներգիայի սակագնով, գնաճով և շեղումներով վաճառքի ծավալներից։ Եթե առաջին երկու գործոնները գրեթե չեն ազդել, ապա սպառման ծավալները նախատեսված էին 123 մլն խմ, սակայն իրացվել է միայն 113 միլիոնը»,  – ասաց Սողոմոնյանն ու ավելացրեց, որ կարգավորիչն ուսումնասիրում է կրճատման պատճառներն ու ազդեցությունը սակագնի վրա։

Հայաստանի ջրամատակարարման միակ օպերատորը` «Veolia Jur» ընկերությունը («Veolia Generale des Eaux» ֆրանսիական ընկերության դուստրը) 2017 թ.–ի օգոստոսի սկզբին դիմել է ՀԾԿՀ ջրի սակագնի բարձրացման համար։ Հայաստանում հիմա ջրի սակագինը կազմում է 180 դրամ (0,37 դոլար) 1 խմ–ի համար։ Նշվում է, որ ընկերությունն առաջարկում է բարձրացնել սակագինը մինչև 194,3 դրամի (0,45 դոլար)։

Ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա ՀԾԿՀ–ի փոխնախագահի խոսքով, եթե այն նվազեցնելու հնարավորություն լինի, ապա կարգավորիչը կգնա սպառողներին ընդառաջ։ 

Սակայն, նրա խոսքով, գազի սակագնի ձևավորումը պայմանավորված է մի շարք կայուն գործոններով, մասնավորապես, գազի արժեքը սահմանին կազմում է 150 դոլար , մարժան` ընկերության ծախսերի հետ միասին` 42,3 դոլար, 11,7 դոլար են կազմում համակարգի կորուստները, իսկ ԱԱՀ–ն` 51 դոլար։ Այս բոլոր գործոնները կազմում են 255 դոլար` միջին արժեքն այս պահին։

«Սակագինը հաշվարկվում է միջազգային մեթոդաբանությամբ, այլ գործիքներ չկան, դա ապահովում է նվազագույն ծախսեր և շահույթ, որոնք թույլ են տալիս ապահովել ընկերության գործունեությունը», – ասաց Սողոմոնյանը։–0–