ՀՀ կառավարությունը 10 մլն դրամ կտրամադրի Մոսկվա–Երևան վթարված ավտոբուսի տուժածներին

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը 10 մլն դրամ կտրամադրի Մոսկվա–Երևան վթարված ավտոբուսի տուժածներին, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Հոկտեմբերի 14-ին առավոտյան` Երևանի ժամանակով ժամը 05.30-ի սահմանում, Վլադիկավկազ քաղաքի մոտ` շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին։ Ավտոբուսում եղել է 45-52 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է ազգությամբ հայ 2 ՀՀ քաղաքացի, ազգությամբ ռուս 3 ՌԴ քաղաքացի: Փաստի առթիվ հարուսվել է քրեական գործ։
Մարտիրոսյանի խոսքով` միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից` որպես պետական աջակցություն տուժածներին։
«Օգնությունը կբաշխվի հետևյալ կերպ` զոհվածների ընտանիքներին կտրամադրվի 1,5 միլիոնական դրամ, ծանր վիրավորներին` 850 հազարական դրամ, վիրավորներին` 200 հազարական դրամ, իսկ մնացածներին` 100 հազարական դրամ», – ասաց Մարտիրոսյանը։
Նախարարը նաև նշեց, որ կապահովվի երեք տուժածների վերադարձը հայրենիք, ովքեր բուժվում են Ռուսաստանում։ –0–