ՀՀ նախագահ. անգամ պատերազմի ամենաթեժ պահերին Հայաստանում ռազմական գրաքննություն չի եղել

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անգամ պատերազմի ամենաթեժ պահերին Հայաստանի Հանրապետությունում ռազմական գրաքննություն չի եղել, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԶԼՄ–ների ներկայացուցիչների ընդունելության ժամանակ։
«Անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ մեր երկիրը դրական կերպով առանձնանում է շատ շատերից՝ ապահովելով խոսքի և մամուլի ազատությունը: Անգամ պատերազմի ամենաթեժ պահերին Հայաստանի Հանրապետությունում ռազմական գրաքննություն չի եղել: Պատերազմական դրությունը մշտապես կարող է ոմանց համար նման գայթակղությանը տրվելու առիթ հանդիսանալ: Այնուամենայնիվ, Հայաստանում կա ազգային համաձայնություն առ այն, որ խոսքի ազատության սահմանափակումներն անընդունելի են: Սա մեր կարևորագույն ինստիտուցիոնալ ձեռքբերումներից մեկն է, որը մենք բոլորս միասին պետք է պաշտպանենք ու փայփայենք», – ընդգծել է նախագահը։
Դիմագրավում երկու մարտահրավերներին
«Այս տարի մենք դիմագրավեցինք բոլորի համար տեսանելի երկու մարտահրավերի. մեկը՝ արտաքին, մյուսը՝ ներքին: Առաջինը, իհարկե, ապրիլյան քառօրյա պատերազմն էր», – նշել է ՀՀ նախագահը։
Այս կապակցությամբ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովրդին պարտադրված կռվում հայ ժողովրդի հաղթանակը շատերին հանգիստ չի տալիս։
«Նրանց ատամների կրճտոցը պարբերաբար մենք լսում էինք, իսկ այս տարի այն վերածվեց ռևանշի փորձի: Հայ ժողովրդի հերոս զավակները կանխեցին հակառակորդի նենգ ծրագրերը», – ընդգծել է նա։
Այս համատեքստում ՀՀ նախագահը դրվատանքով անդրադարձել է հայ ժողովրդի միասնական և համախմբված ոգուն, որը նշանակալիորեն դրսևորվեց այդ օրերին աշխատանքում։
«Չնայած հնարավոր գաղափարական կամ այլ տարաձայնություններին՝ այդ օրերին մեր ժողովուրդը դարձավ մեկ միասնական բռունցք», – նշել է նա։
Սարգսյանի խոսքով, կան հարցեր, որոնք պատկանում են ազգային համաձայնության տիրույթին, և այդ շարքում առաջինը, իհարկե, հերոսական Արցախի ապագան է։
«Այս հարցի շուրջ մեր տարաձայնությունները շատ չնչին են, նվազագույնն են: Ես չեմ կարծում, որ իրականության մեջ մեր ժողովրդի գոնե մեկ տոկոսն այլ կերպ է մտածում: Բոլորս ցանկանում ենք, որպեսզի Արցախի բնակիչներն իրենք որոշեն իրենց ապագան, իրենց վերջնական կարգավիճակը», – ընդգծել է նախագահն ու շնորհակալություն հայտնել ԶԼՄ–ների ներկայացուցիչներին իրենց աշխատանքի և համերաշխության համար։
ՀՀ նախագահը նշել է, որ մյուս՝ արդեն ներքին մարտահրավերը ծավալվեց այս տարվա հուլիսին՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակում գործած հանցախմբի և պատանդներ վերցրած այդ խմբի գործողությունների հետևանքով:
«Այս իրադարձությունների հետ կապված իմ հստակ գնահատականն արդեն հնչել է, ընդ որում, գոնե ես դրանում համոզված եմ,չեմ խուսափել որևէ սուր անկյունից: Նաև հնչել է լրագրողների աշխատանքի և լրագրողների հանդեպ կիրառված բռնության վերաբերյալ իմ հստակ գնահատականը: Թեև ոմանք փորձում են այդ գնահատականի մեջ ինչ-ինչ բաներ գտնել և ասել, թե նախագահն ասաց՝ մոռացեք: Բայց կարծում եմ, գոնե 95 տոկոսի համար պարզ էր, թե այդ բառն ինչ իմաստով է օգտագործվել», – նշել է նա։
ՀՀ նախագահը խորը համոզմունք է հայտնել այն հարցում, որ Հայաստանում բռնությամբ հարցեր չեն լուծվելու, և սա մի դրույթ է, որի շուրջ ևս պետք է հասնել ազգային համաձայնության: «Հաճախ հենց խոսքն է ճանապարհ հարթում բռնության համար, ուստի և պետք է լինենք ազատ ու շիտակ, բայց նաև զուսպ՝ մեր խոսքում», – ավելացրել է նա։
Նախագահի խոսքով, իրեն պարբերաբար տեղեկացնում են, որ հայկական լրատվամիջոցներն ինքնակարգավորման գործուն ձևեր են փնտրում այս հարցին անդրադառնալու համար:
«Վիրավորանքը, պիտակավորումը, կեղծիքն ուղղակի անթույլատրելի գործիքներ են», – ընդգծել է նա։
Նախագահը պատրաստ է կանգնել մամուլի կողքին առանց որևէ բան պարտադրելու
«Այսօր մենք տեսնում ենք, որ կեղծ լուրերը մարտահրավեր են դարձել անգամ ամենազարգացած ժողովորդավարական հասարակությունների համար: Մեր ժամանակների արդեն իսկ բազմաբնույթ և ապակենտրոնացված լրատվական դաշտը վերահսկելն ուղղակի անհնարին է», – նշել է Սարգսյանը։
Այս կապակցությամբ ՀՀ նախագահն ընդգծել է, որ նա երբեք չի ակնկալում լրատվական դաշտի վերահսկողություն:
«Ակնկալում եմ ազատ, անկախ և պատասխանատու աշխատանք: Ակնկալում եմ, որ դուք պետք է հանդես գաք ինքնակարգավորման նախաձեռնություններով, որպեսզի կարողանաք ցորենը զատել որոմից: Ես ինքս պատրաստ եմ կանգնել ձեր կողքին՝ առանց միջամտելու ձեր օրակարգին և առանց որևէ բան պարտադրելու», – նշել է նախագահը։
Մամուլը չպետք է դառնա նախընտրական պայքարի գործիք
Նշելով, որ առջևում են 2017թ. խորհրդարանական ընտրությունները` ՀՀ նախագահը հիշեցրել է, որ իր ելույթներից մեկում շեշտել է, որ երկրին անհրաժեշտ են անբիծ ընտրություններ և հենց այդպիսի ընտրությունների միջոցով ձևավորված Ազգային ժողով:
«Ակնկալում եմ, որ դուք էլ նույնպիսի պատվախնդրությամբ կմոտենաք այդ ընթացքում ձեր առաքելությանը: Ակնկալում եմ, որ կլինեք ոչ միայն ազատ և անկախ, այլև, ինչպես մշտապես խոսում ենք, իսկապես անաչառ և արդար՝ խուսափելով նախընտրական պայքարի գործիք դառնալուց», – նշել է ՀՀ նախագահը։
«Հրաժեշտ տալով անցնող 2016 թվականին՝ շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, և երջանկություն, ձեր ընտանիքներին ու հարազատներին՝ արևշատություն և խաղաղություն: Ձեր աշխատանքային գործունեության մեջ մաղթում եմ նոր ստեղծագործական խիզախումներ, և որ ամենակարևորն է, մաղթում եմ ձեզ, որ հաշտ լինեք առաջին հերթին ինքներդ ձեզ հետ: Սա ամենակարևոր պայմաններից մեկն է», – եզրափակել է ՀՀ նախագահը։–0–