ՀՀ–ում առաջին անգամ ամրագրվում է, որ ամուսնություն կարող է կայանալ միայն կնոջ և տղամարդու միջև

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց Ընտանեկան օրենսգրքում նախատեսված փոփոխություններին։
Ւնչպես նշեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով։ Մասնավորապես, փոփոխությունները վերաբերում են ամուսնություններին։ Օրենսգրքում առաջին անգամ ամրագրվում է, որ ամուսնություն կարող է կայանալ միայն կնոջ և տղամարդու միջև։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր հերթին հետաքրքրվեց նախարարից, թե, արդյոք, դա ամրագրված չի՞ եղել ավել վաղ, ինչին Հարությունյանը պատասխանել է, որ դա միայն ենթադրվում էր։
Օրենսգրքի փոփոխություններով ամրագրվում են նաև հիմքերը ծնողական իրավունքի զրկելու, երեխայի մի շարք իրավունքների, ինչպես նաև որդեգրման ընթացակարգերի կարգավորման համար։–0–