ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ իրականություն դարձնել Ազնավուրի պատգամը
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, տիկին Նունե Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ ներկա են գտնվել աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը, որը տեղի է ունեցել Փարիզի Ինվալիդների պալատում (Hotel des Invalides), հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տիկին Բրիջիտ Մակրոնը, Ֆրանսիայի նախկին նախագահներ` Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, Ֆրանսիայի վարչապետ Ֆիլիպ Էդուարդը, Ֆրանսիայի հասարակական, քաղաքական, մշակութային հայտնի գործիչներ, Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ֆրանսիայի Ազգային Գվարդիայի նվագախմբի կատարմամբ նախ հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերը, որից հետո վարչապետ Փաշինյանը և Էմանուլ Մակրոնը մոտեցել են Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամներին ու իրենց ցավակցությունները հայտնել նրանց:
Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ, Հայաաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, պարոն վարչապետ, տիկնայք և պարոնայք խորհրդարանականներ, տիկնայք և պարոնայք կառավրությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, սիրելի Ուլլա Ազնավուր, Ազնավուր ընտանիքի հարգելի անդամներ, տիկնայք և պարոնայք, այսօր հավաքվել ենք մեր խոնարհումը բերելու և գնահատանքի մեր տուրքը մատուցելու ֆրանսիական շանսոնի մեծ վարպետին` Շառլ Ազնավուրին: Ութ տասնամյակ այս անունը ժպիտ է փորագրել միլիոնավոր դեմքերի վրա, արագացրել կամ դանդաղեցրել տասնյակ միլիոնավոր մարդկանց շնչառությունը, փայլ է ներարկել հարյուր միլիոնավոր աչքերի մեջ», – նշել է վարչապետն իր խոսքում։
«Եվ այս անունը 2018 թվականի հոկտեմբերի 1-ին մի պահ կանգնեցրեց երկիր մոլորակի և միջազգային կյանքի ընթացքը` մի անամոքելի թախիծ վրձնելով հարյուր միլիոնավոր մարդկանց դեմքերին, իր վերջին և ամենազանգվածային աֆիշը թողարկելով աշխարհի առաջատար լրատվամիջոցների առաջին էջերին. «94 տարեկան հասակում մահացել է Շառլ Ազնավուրը»», – նշել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այդ ազդագրերը պատմում են սեփական ճակատագրի նկատմամբ այս մեծ մարդու և նրա գերդաստանի տարած փառահեղ հաղթանակի մասին:
«Շառլ Ազնավուրի նախնիները Հայոց ցեղասպանությունից մազապուրծ` դեգերեցին աշխարհում և, ի վերջո, հանգրվանեցին հարյուր հազարավոր հայերի օթևան ու հույս տված Ֆրանսիայում, որտեղ էլ ծնվեց Վաղինակ Ազնավուրյանը, որ հետո պիտի դառնար մեծն Շառլ Ազնավուր: Կրելով անասելի դժվարություններ, Վաղինակ-Շառլը, ի վերջո, գտավ իր կոչումը, բայց այդ կոչումին, բացի իրենից, չէր հավատում ոչ ոք: Բոլորը նրան համոզում էին, բացատրում, որ բեմն իր գործը չէ, երգելն իր կոչումը չէ, որ ճակատագիրն առանց այն էլ շռայլ է գտնվել իր նկատմամբ՝ իր ծնողին փրկելով ցեղասպանության աղետից: Բայց Վաղինակ Ազնավուրյանին կարեկցանք չէր հարկավոր, այլ առաքելություն, և նա գիտեր իր առաքելությունը, և այդ առաքելությունը Շառլ Ազնավուր դառնալու աներևակայելի ճանապարհն էր: Եվ նա երգեց ու գրեց, և նա գրեց ու երգեց դատարկ և կիսադատարկ դահլիճներում, և նա երգեց անհոգնել ու աննահանջ և մարդկությանը տվեց ժամանակ` հասկանալու և գիտակցելու, որ մի մեծ աստղ է ծագել համաշխարհային մշակույթի երկնակամարում, որ դեռ մի քանի տասնյակ տարիներ պետք է «պայթեցնի» աշխարհի ամենահեղինակավոր դահլիճները», – նշել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանի խոսքով, շանսոնյեի ձայնը տարածվեց աշխարհի բոլոր կողմերում, հասավ ամենահեռավոր երկրներ և ջերմացրեց նույնիսկ ամենասառը սրտերը:
«Ցավոք, ես չհասցրեցի անձամբ ծանոթանալ Մեծ Վարպետի, Շառլ Ազնավուրի հետ: Բայց հավատացեք` նրան ընկալում եմ որպես մերձավոր հարազատի: Նրան այսպես ընկալում է ցանկացած հայ, որովհետև Ազնավուրն այն մարդն է, ով հայի անունը հասցրել է նոր բարձունքների, ով հայի հպարտությանը մի նոր շունչ է տվել ու մի նոր երանգ, ով կարողացել է ապրել իր պատմական հայրենիքի և իր ժողովրդի ցավերով, հոգսերով ու երազանքներով: Նաև այս է պատճառը, որ Շառլ Ազնավուրին շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում: Բայց նա այդ կոչումը վաստակել է ոչ միայն շանսոնյեի իր հանճարով, այլև Հայաստանի Հանրապետության կայացման գործում ունեցած անուրանալի վաստակի համար», – նշված է ՀՀ վարչապետի խոսքում։
Փաշինյանի խոսքով, Հայաստանում Ազնավուրի անունով կոչված են փողոցներ ու հրապարակներ, իսկ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում արդեն երկար տարիներ վեր է խոյանում նրա մեծաշուք արձանը, և նա թերևս միակ մարդն է, որին Հայաստանում արձան է կանգնեցվել կենդանության օրոք:
«Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Հայաստանում սուգ է հայտարարված, և այս ամենն արտահայտումն է այն հսկայական սիրո, որ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր հայ` առանց բացառության, տածում է այս մեծ մարդու, այս մեծ ֆրանսիացու, աշխարհի այս մեծ քաղաքացու նկատմամբ», – ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը, դիմելով Ֆրանսիայի Հանրապետության ախագահ պարոն Էմանուել Մակրոն, նշեց, որ Շառլ Ազնավուրի հրաժեշտի այս վեհաշուք արարողության ընթացքում չի կարող չարտահայտել այն առանձնակի հարգանքն ու երախտագիտությունը, որ հայ ժողովուրդը տածում է Ֆրանսիայի նկատմամբ:
«Եվ ցանկանում եմ հայ ժողովրդի երախտագիտությունն արտահայտել Ֆրանսիայի պետությանը և բոլոր ֆրանսիացիներին՝ ցեղասպանությունից մազապուրծ մեր ժողովրդին օթևան տալու և հայկական տաղանդի զարգացման բարենպաստ միջավայր ձևավորելու համար: Ֆրանսիայի հայությունը տվել է այնպիսի անուններ, ինչպես Շառլ Ազնավուրը, Անրի Վերնոյը, Ժորժ Գարվարենցը, Գառզուն, Ժանսեմը, և Ֆրանսիան մեր ժողովրդի վերածննդի մի սիրելի օազիս է դարձել», – նշել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանի խոսքով, Շառլ Ազնավուրն, անշուշտ, Ֆրանսիայի մեծ նվիրյալ էր, Ֆրանսիայի մեծ քաղաքացի, ֆրանսերենի տարածման մի անկրկնելի մունետիկ, բայց նաև Հայաստանի մեծ պաշտպան էր, Հայաստանի քաղաքացի և Հայաստանի Հանրապետության դեսպան:
«Նա ապրում էր Հայաստանի հոգսերով, և մեր ժողովուրդը նրա հոգատարությունը տեսել ու զգացել է երեսուն տարի առաջ տեղի ունեցած մեծ երկրաշարժի ժամանակ, Հայաստանի անկախության բոլոր դժվարին օրերին: Շառլ Ազնավուրն անտարբեր չմնաց նաև Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության նկատմամբ ևինձ ուղղված վերջին նամակում, մասնավորապես, գրել էր. «Հենց որ առողջությունս թույլ տա, ջերմորեն փափագում եմ այցելել այս նոր Հայաստանը և ծանոթանալ այն առողջ ուժերին, որոնք ձևավորելու են մեր ազգի գալիքը»։ Մեծ Վարպետը պատրաստվում էր Հայաստան այցելել հաջորդ շաբաթ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տասնյոթերորդ գագաթաժողովի առիթով, և նրան խոստացել էի ծանոթացնել Նոր Հայաստանի հետ, խոստացել էի, որ նա միանգամից կզգա Նոր Հայաստանի հաղթանակած քաղաքացու լավատեսությունն ու ոգին: Ցավոք, այս խոստումը չկարողացա կատարել, սփոփանքս այն է, որ Ազնավուրն, այնուամենայնիվ, հասցրեց իր վերջին ուղերձը հղել նոր Հայաստանին` ինձ գրած նամակում ասելով. «Սրտանց փափագում եմ, որ Հայաստանի երիտասարդությունը կարողանա երբևէ դրսևորել իր ողջ ներուժը և իր երազանքներն իրականություն դարձնել Հայաստանում»։ Սիրելի Վարպետ, Մեծարգո Շառլ Ազնավուր. Ձեր նամակում դուք ճշգրտորեն ձևակերպել եք այն, ինչ ուզում է հայ ժողովուրդը, ինչ ուզում է Հայաստանի երիտասարդությունը: Եվ այստեղ, հիմա, աշխարհի աչքի առաջ ուզում եմ հանդիսավոր կերպով Ձեզ խոստանալ, որ իրականություն կդարձնենք Ձեր պատգամը, կյանքի կկոչենք Ձեր ցանկությունը: Ուզում եմ հավաստիացնել, որ անմնացորդ նվիրված եմ այն գործին, որ նոր Հայաստանը պիտի դարձնի այնպիսին, ինչի մասին Դուք երազում էիք: Ազատ և Երջանիկ Հայաստանն իսկապես արժանի գնահատանքը կլինի Հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ Ձեր ունեցած անուրանալի վաստակի: Խոնարհվում եմ Ձեր առաջ` մեծ ֆրանսիացի, մեծ հայ, մեծ արվեստագետ, մեծ հումանիստ: Ննջիր խաղաղությամբ, սիրելի Վարպետ», – նշել է ՀՀ վարչապետն իր խոսքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ազնավուրի հուղարկավորության օրը` հոկտեմբերի 6–ին, Հայաստանում հայտարարվել է սգո օր։–0–