Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհդի նիստը հաստատել է բուհի 2016-2020թթ.-ի զարգացման ռազմավարական ծրագիրը

15.07.2016, 14:05
Ուրբաթ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհդի նիստը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհդի նիստը հաստատել է բուհի  2016-2020թթ.-ի զարգացման ռազմավարական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհդի նիստը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Օրակարգային առաջին հարցով խորհուրդը քննարկել և հաստատել է ՀՊՏՀ 2016-2020 թթ.-ի զարգացման ռազմավարական ծրագիրը:

Աբրահամյանն ընդգծել է, որ համալսարանը բարեփոխվել է, իրականացվել են զարգացման մի շարք ծրագրեր, հաստատությունը տեխնիկապես և տեխնոլոգիապես վերազինվել է, կատարելագործվել են կրթական ծրագրերը, իրականացվել են սոցիալական բազմաթիվ ծրագրեր, աշխուժացել են արտաքին կապերը, սկիզբ է դրվել աշխատաշուկայի հետ հստակ կանոնակարգված համագործակցության, ինչը մեծապես կարևորում է ՀՀ կառավարությունը:

Վարչապետի խոսքով, կրթական համակարգի բարեփոխումները պահանջված են և կրթության բոլոր մակարդակներում առաջնահերթ է որակի և արդյունավետության բարձրացումը:

Նա նշել է, որ մասնագիտական բարձրագույն կրթության բարեփոխումներն անհրաժեշտ են և թելադրված ժամանակի պահանջով: Այս համատեքստում, վարչապետը նշել է, որ համալսարանը որդեգրել է զարգացման հավակնոտ ծրագրեր, ինչի արդյունքում բուհը պետք է կարողանա լուծել իր առջև դրված խնդիրները:

«Առջևում են նոր մարտահրավերներ, և կրթության զգայուն ոլորտը պետք է պատրաստ լինի համարժեք արձագանքի», - ասել է վարչապետ Աբրահամյանը և համոզմունք հայտնել, որ վերջին տարիներին ստեղծվել են բոլոր նախադրյալները՝ համալսարանը զարգացման նոր մակարդակի հասցնելու համար:

Այնուհետև կայացել է ՀՊՏՀ ռեկտորի ընտրություն, և փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն համալսարանի ռեկտոր է ընտրվել Կորյուն Աթոյանը (գործող ռեկտոր. խմբ):

Խորհրդի նիստով փոփոխություններ են կատարվել Հայաստանի պետական տնտեսագիտական համլասարանի կազմակերպական կառուցվածքում, որի արդյունքում միավորվել են մի քանի բաժիններ: -0-