Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում գրանցվել է մահվան դեպք H1N1 վիրուսից առաջացած գրիպի բարդություններից, ուրբաթ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։
Նրա խոսքով, գրիպը հիվանդի մոտ առաջացնում է արդեն գոյություն ունեցող հիվանդությունների բարդություններ, ինչը կարող է հանգեցնել մահվան։
«Մեզ մոտ գրանցվել է կնոջ մահվան մեկ դեպք, ում մոտ զուգահեռ կային նաև այլ հիվանդություններ, և նրա մոտ մենք հայտնաբերել ենք H1N1 վիրուսը։ Դա նաև վկայում է այն մասին, որ գրիպով հիվանդանալը չի նշանակում մահ, հիվանդանալու դեպքում մենք պետք է դիմենք բժիշկներին և ստանանք բուժում», – ասաց նա։
Վանյանը մեկնաբանեց նաև ԶԼՄ–ներում ավելի վաղ շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ գրիպից երեխա է մահացել։ Նա հայտարարեց, որ երեխայի մոտ վիրուսային հիվանդությունների նշաններ չէին հայտնաբերվել։
Այս համատեքստում փորձագետը նշեց վիրուսի նկատմամբ խոցելի խմբերը, որոնք են քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր մարդիկ, բուժաշխատողները, հղիները։
Վանյանը նաև կոչ արեց պատվաստվել գրիպից։
«Իրավիճակը (պատվաստման համատեքստում, խմբգր.) շատ վատ է։ Հղիների շրջանում պատվաստում է ստացել 1,6%–ը, երեխաների շրջանում`2,3%–ը, քրոնիկ հիվանդություններ ունեցողների շրջանում`– 6,9%–ը, 65 տարեկանից բարձր մարդկանց շրջանում` 1,1%–ը», – ասաց նա։
Վանյանը նաև նշեց, որ բարդությունները կապված են նաև այն փաստի հետ, որ գրիպով հիվանդանալու դեպքում մարդիկ բժշկական օգնության դիմելու փոխարեն երկար ժամանակ փորձում են զբաղվել ինքնաբուժմամբ։
Ինչ վերաբերում է վիրուսի տարածման վիճակագրական ցուցանիշներին, ապա, Վանյանի խոսքով, այս պահին հետազոտվել է 549 նմուշ, որից 51–ի, այսինքն 9%–ի դեպքում հայտնաբերվել է H1N1 վիրուսը։