Հայաստանում Սպաների համահայկական միություն կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մեկ ամսվա ընթացքում կանցկացվի «Սպաների համահայկական միութան» հիմնադիր ժողովը, հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Գիտակցելով ռազմաքաղաքական, բարոյական, արժեքային և տնտեսական մարտահրավերներին հակազդելու և համայն հայության ներուժը միավորելու անհրաժեշտությունը` նախաձեռնող խումբը մտադիր է Հայաստանում հիմնել Սպաների համահայկական միություն», - ասաց Շիրխանյանը:
Պատասխանելով «Նոոստի-Արմենիա» գործակալության հարցին, թե ով կարող է միանալ կազմակերպությանը, պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ մուտքի որևէ սահմանափակումներ չեն լինելու:
«Կազմակերպությանը կարող են անդամակցել հայկական ծագումով սպաներ` անկախ քաղաքացիությունից, կամ հայկական բանակի սպաներ` անկախ ազգային պատկանելիությունից», - ասաց Շիրխանյանը:
Ըստ նրա, կազմակերպությունը կարող է համախմբել ոչ միայն գործող զինվորականներին, այլև պահեստի և թոշակի անցած սպաներին:
ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն իր հերթին նշեց, որ կազմակերպությունը սերտորեն կհամագործակցի կառավարության և մասնավորապես պաշտպանական գերատեսչության հետ:
«Միությունը կարող է դառնալ յուրահատուկ հարթակ սպաների սերունդների միջև փորձի փոխանակման համար, նպաստել նրանց մասնագիտական զարգացմանը, կօգնի գտնել ուղիներ ` հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին համատեղ դիմակայելու համար», - ասաց Տեր-Գրիգորյանցը:
Նախաձեռնող խմբի անդամները նշեցին, որ միությունը կտարբերվի գոյություն ունեցող բոլոր հայրենասիրական միություններից, քանի որ համախմբելու է միայն սպաներին:-0-