Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանում կներդրվի բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտ

16.02.2018, 18:59
Առաջիկայում Հայաստանում կներդրվի բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտը։
Հայաստանում կներդրվի բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտ

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Առաջիկայում Հայաստանում կներդրվի բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտը։

Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է միջազգային փորձը, ինչի հիման վրա հստակեցվել են ստեղծվելիք կառույցի գործառույթները, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտի ներդրումը չի ենթադրում վերահսկողության և մոնիտորինգի մեխանիզմների վերացում։

«Թափանցիկ այս համակարգը կլրացնի եղած հնարավորությունները` բողոքներին արագ և պատշաճ արձագանքելու, բնակչության շրջանում դժգոհությունները նվազագույնին հասցնելու նպատակով։ Այդպիսով, կառույցը կարող է լրջորեն նպաստել պացիենտ-բժիշկ/բուժհաստատություն փոխհարաբերությունների ընթացքում ծագող վեճերն արագ և արդյունավետ լուծելուն», – հաղորդում են գերատեսչությունից։

Մշակվել է «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը: Այն ներկայացվել է շահագրգիռ մարմիններին, դրվել շրջանառության մեջ։ Հայեցակարգը նաև տեղադրվել է e-draft կայքում, ապա, սահմանված ժամկետում, ներկայացվել է ՀՀ կառավարություն։

Հայեցակարգի ընդունումն իրավական հիմք կհանդիսանա «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման համար։ Արդյունքում, առաջին անգամ կամրագրվի պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ընդունված առանձին ինստիտուտ` ապահովելով պացիենտների իրավունքների մասնագիտացված, անվճար, արագ և արդյունավետ պաշտպանությունը:

Հայաստանում այսօր արդեն գործում են Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև Ֆինանսական համակարգի օմբուդսմենի ինստիտուտներ։ Քննարկվում է նաև Բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրման հնարավորությունը։–0–