Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի «երիտասարդացում» է նկատվում. բժիշկ

18.10.2016, 17:34
Հայաստանում նկատվում է կրծքագեղձի քաղցկեղի «երիտասարդացում»:
Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի «երիտասարդացում» է նկատվում. բժիշկ

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում նկատվում է կրծքագեղձի քաղցկեղի «երիտասարդացում», երեքշաբթի ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժության բաժանմունքի վարիչ, վիրաբույժ-ուռուցքաբան Արմեն Քոչարյանը:

«Իրականացված հետազոտությունների արդյունքում մենք նկատում ենք կրծքագեղձի քաղցկեղի այսպես կոչված «երիտասարդացման» միտումը: Եթե մի քանի տարի առաջ այդ հիվանդությունը հիմնականում հանդիպում էր 50-70 տարեկան կանանց մոտ, ապա այժմ դրանով հաճախ հիվանդանում են  30-45 տարեկանները», - ընդգծեց Քոչարյանը:

Բժիշկը կոչ արեց երիտասարդ կանանց ամիսը մեկ անգամ ինքնուրույն հետազոտել կրծքագեղձը, և կաշտուկներ կամ նորագոյացություններ հայտնաբերելու դեպքում անպայման անցնել բժշկական հետազոտություն:

Նա նաև ընդգծեց, որ քաղցկեղի բուժման կարևոր պայմանը հիվանդության ճիշտ և ժամանակին ախտորոշումն է, որը հարկավոր է սկսել մամոգրաֆիայից մինչև օրգանիզմի ընդհանուր հետազոտություն (կոնտրաստային համակարգչային տոմոգրաֆիա, ոսկորների հետազոտություն):

Բժշկի խոսքով, հիվանդության առաջացման գլխավոր արտաքին պատճառները սխալ սննդակարգն է, սթրեսը և ծխելը:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն իր հերթին նշեց, որ իր գլխավորած հաստատությունը հոկտեմբերի 10-ից հայտարարել է կրծքագեղձի հետազոտության 25%զեղչ նրանց համար, ովքեր կգրանցվեն մինչև հոկտեմբերի վերջ:

Նա ընդգծեց, որ հիվանդության կանխարգելման և վաղ շրջանում հայտնաբերման գլխավոր գործոնը պրոֆիլակտիկ հետազոտումն է, որն օգնել է կենտրոնի շուրջ 6,2 հազար այցելուներին խուսափել բարդություններից:

Նրա խոսքով, կրծքի քաղցկեղի հայտնաբերման միակ մեթոդը թվային մամոգրաֆիան է, որն օգնում է հայտնաբերել հիվանդությունը զարգացման շատ վաղ շրջանում:

«Կենտրոնի բացման առաջին օրվանից (1997 թ.) մինչ այսօր մենք ունեցել ենք շուրջ 500 հազար այցելու, որոնցից միայն 300 հազարն են անցել կրծքագեղձի հետազոտություն են անցել, 11 հազարի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել», - նշեց Հակոբյանը:

Նա ավելացրեց, որ կենտրոնի մասնագետները նաև կազակերպել են մոտ 320 այց Հայաստանի մարզեր և Արցախ, որոնց ընթացքում շուրջ 25 հազար կին անցել է կրծքագեղձի, վահանագեղձի և արգանդի վզիկի անվճար հետազոտություն։

«Երեկ մենք վերադարձել ենք Արցախից, որտեղ մեր մասնագետները շուրջ 250 հետազոտություն և 2 վիրահատություն են իրականացրել», - ընդգծեց Հակոբյանը:

Հակտեմբերը հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս:

Կրծքագեղձի քաղցկեղը կրծքագեղձում զարգացող չարորակ ուռուցքային հիվանդություն է: Այս հիվանդություն ախտանշաններից են կրծքագեղձի չափսերի փոփոխությունը, կրծքագեղձում առաջացող գնդանման կույտերը, մաշկի վրա առաջացող փոսիկները, կրծքապտուկներից հեղուկի արտահոսքը: Հիվանդության տարածվածության դեպքում կարող են առաջանալ նաև ոսկրերի ցավեր, ավշային հանգույցների ուռածություն, հևոցներ, մաշկի դեղնություն։ 

Իր տարածվածությամբ այն քաղցկեղի երկրորդ տեսակն է թոքերի քաղցկեղից հետո և առաջինը` կանանց շրջանում: –0–