Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում ոստիկանները չարաշահել են իրենց դիրքն ու ստիպել սուտ հաղորդում ներկայացնել կաշառք տալու մասին

28.12.2016, 18:58
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձին կաշառք տալու գործով մեղադրվող, ամբաստանյալ Ռուզաննա Բ.-ի հաղորդման հիման վրա:
Հայաստանում ոստիկանները չարաշահել են իրենց դիրքն ու ստիպել սուտ հաղորդում ներկայացնել կաշառք տալու մասին

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձին կաշառք տալու գործով մեղադրվող, ամբաստանյալ Ռուզաննա Բ.-ի հաղորդման հիման վրա:

Վերջինս հայտնել է, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցներն իրեն պարտադրել են սուտ հաղորդում տալ այն մասին, թե, իբր, 200.000 դրամ կաշառք է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներին, հաղորդում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Նյութերի նախապատրաստման ընթացքում Ռուզաննա Բ.-ն պնդել է, որ իրեն վերագրվող հանցանքն ինքն իրականում չի կատարել: Վերջինս համոզված է եղել, որ 200.000 դրամը նախարարության աշխատակիցներին վճարում է որպես տուգանք նախօրոք հայտնաբերված խախտումների համար, սակայն ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները,  սպառնալիքների և հոգեբանական ճնշման միջոցով, իրեն պարտադրել են 2016 թ.–ի փետրվարի 3–ին հաղորդել կաշառք տալու վերաբերյալ:

Ըստ Ռուզաննա Բ.-ի` ոստիկաններն իրեն տևական ժամանակով ապօրինի պահել են վարչությունում, ապա` սպառնացել, որ նշված հաղորդումը չտալու դեպքում կձերբակալեն: Ավելին, ՀՀ քննչական կոմիտեում ևս, պարտադրաբար, նույնաբովանդակ ցուցմունք է գրել քննիչի ուղղորդմամբ և թելադրանքով, սակայն հետագա ցուցմունքներում արդեն նշել է իրականությունը:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 308-րդ և 309-րդ հոդվածների 1-ին մասերով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, պաշտոնեական լիազորություններն անցնելը):

Կատարվում է նախաքննություն:–0–