ԿԳ նախարարը վարկաբեկում է կրթության ոլորտը, դպրոցների տնօրենները վրդովված են. թերթ

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսյան խորհրդակցություններից կրթական ոլորտի ներկայացուցիչներն այդքան էլ լավ տպավորություններ չունեն, գրում է «Հրապարակ» թերթը։
Տարբեր տեղերից ահազանգեր են ստացվում, որ ԿԳ նախարարն ամեն հանդիպման, ելույթի ժամանակ ուղղակի և անուղղակի նեղացնում է տնօրեններին, գցում նրանց հեղինակությունը, քանի որ շարունակ նրանց ընտրակեղծարար է անվանում, խոսում դրամահավաքների թեմայով՝ բոլոր տնօրեններին նույն աչքով նայելով: Վերջին խորհրդակցություններից մեկի ժամանակ էլ, երբ հերթական անգամ նախարարը հիշել է «ընտրակեղծարար և կոռուպցիոներ» տնօրեններին, նրանք ռեպլիկներ են արձակել, խանգարել վերջինիս՝ դրանով ցույց տալով իրենց անհամաձայնությունը նախարարի ասածների հետ:
«Ստացվում է, որ այս երկրում երեխայի շահերը պաշտպանող կա, ծնողինը կա, մանկավարժինը կա, ամենից անպաշտպանը տնօրեններն են, նախարարը եկած-չեկած՝ միայն վարկաբեկում է, այդպե՞ս են կրթության ոլորտի վարկանիշը բարձրացնում, ամեն մի սուտ նամակի, բողոքի հիման վրա հարյուր տարվա մասնագետին կարող են հանել աշխատանքից, պատժել, եկել են պատժելու, բռնելու համար», – թերթի հետ զրույցում նեղսրտած պատմել է ոլորտի մասնագետներից մեկը։–0–