ԼՂՀ-ում ապրիլյան ագրեսիայի ժամանակ վիրավորված 87 զինծառայող արդեն դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղում ապրիլի 2-5 ադրբեջանական ագրեսիայի ժամանակ վիրավորված 125 զինծառայողներից 87-ը արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Այս պահի դրությամբ ծայրահեղ ծանր է գնահատվում 2, իսկ ծանր` 6 վիրավորների առողջական վիճակը», - նշում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նախարարության տվյալներով, ապրիլի 5-ից հետո (երբ ձեռք է բերվել հրադադարի շուրջ պայմանավորվածությունը) հիվանդանոց են տեղափոխվել ևս 34 զինծառայող:
Նախարարությունում նշել են, որ բժիշկների ուշադրության կենտրոնում է գտնվում տարբեր բժշկական հաստատություններում գտնվող բոլոր վիրավորների առողջական վիճակը, ինչպես նաև վիրավորների հետագա վերականգնողական բուժման, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների ապաքինման կազմակերպումը:
Խնդիրների, դժգոհությունների կամ հարցերի դեպքում կարելի է զանգահարել ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայություն`(+374 10) 52-88-72 հեռախոսահամարով:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-