«Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը վերագործարկել է իր մամուլի կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը վերագործարկել է իր մամուլի կենտրոնը։
Կարծում ենք, որ լուրջ գործակալություններն այսօր չեն կարող լիարժեք գործել առանց հաղորդակցության այնպիսի հարթակի, ինչպիսին մամուլի կենտրոնն է։ Դա այն վայրն է, որտեղ քննարկվում են ամենաարդիական հարցեր, որտեղ հայտնի և հեղինակավոր փորձագետներ մամուլի ասուլիսների և կլոր սեղանների ընթացքում կարող են ներկայացնել իրենց գնահատականը կարևորագույն տարբեր իրադարձությունների վերաբերյալ», – ասաց «Նովոստի–Արմենիա» ՄԼԳ գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը։
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնը սկսել է գործել Երևանում 2008 թվականի մայիսի 21–ից։ Փորձագետների կարծիքով, մամուլի կենտրոնի գործունեությունը լուրջ խթան է հայրենական տեղեկատվական հանրության զարգացման համար։
«Ցանկանում ենք, որ մեր մամուլի կենտրոնը դառնա Հայաստանում բիզնես–հանրության, գիտության և մշակույթի ներկայացուցիչների, փորձագետների համար արդիական հարցերի քննարկման գլխավոր հարթակ»,– ասաց Դավիթյանը։
«Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը գործում է հայկական մեդիադաշտում 2005 թվականից և ընդգրկվել է տեղեկատվական շուկայի առաջատարների ցուցակում։
Մամուլի կենտրոնը վերսկսել է աշխատանքը հետևյալ հասցեով` Երևան, Փ.Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։–0–