Փաշինյանը հիմնավորել է հուլիսի 1–ից պարտադիր կենսաթոշակային համակարգին անցնելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 1–ից կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի լիարժեք ներդրման մասին որոշումը չի արտացոլում այս հարցի շուրջ ունեցած մեր գլոբալ մոտեցումը, երեքշաբթի հայտարարեց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը։
ՀՀ կառավարությունը հունիսի 11–ին արտահերթ նիստի ժամանակ ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, ինչպես նաև հաստատեց որոշումը, որը վերաբերում է պարտադիր բաղադրիչում պետական մասնաբաժնի ավելացմանը (5%–ից մինչև 7,5%)։ Սոցիալական վճարների պարտադիր բաղադրիչն ուժի մեջ է մտնում հուլիսի 1–ից։
«Մեզ որպես «ժառանգություն» տրվել է մի իրավիճակ, որի դեպքում հուլիսի 1–ից պարտադիր բաղադրիրը ներդրվելու էր ամենուր, կոնկրետ օրենքն ուժի մեջ էր մտնում։ Մենք շատ քիչ ժամանակ ունեինք ինչ–որ բան փոխելու։ Հուլիսի 1–ից կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի լիարժեք ներդրման մասին որոշումը չի արտացոլում այս հարցի շուրջ ունեցած մեր գլոբալ մոտեցումը», – հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով, որոշման ընդունումից հետո կառավարությունը հնարավորություն է ստացել հանգիստ պայմաններում և առանց շտապողականության բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկել վիճահարույց հարցերի ողջ շրջանակը։
«Անգամ մեր կառավարությունում կան շատ հարգալից նախարարներ, որոնք դեմ են պարտադիր բաղադրիչի ներդրմանը, բարձրացվում է նաև հարցն այն մասին, որ այդ բարեփոխումը հակասահմանադրական է։ Խնդիրներն իսկապես շատ են, և մեր որոշմամբ մենք միայն ժամանակ ենք ստանում լուծելու դրանք», – հայտարարեց Փաշինյանը։
Հունիսի 12–ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց և որպես այդ քայլի պատճառ նշեց ավելի վաղ ընդունված «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը, որը նախատեսում է 2018 թ.–ի հուլիսի 1–ից սոցիալական վճարների պարտադիր բաղադրիչի ներդրում։
Վարչապետի խոսով, եթե քննարկումների, բանավեճերի արդյունքում կոնսենսուսով կամ կոնսենսուսին մոտ որոշում ընդունվի այն մասին, որ համակարգից հարկավոր է հրաժարվել, ապա քաղաքացիների կուտակած բոլոր միջոցները կվերադարձվեն, ընդ որում` տոկոսներով։
Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը ներդրվել է Հայաստանում 2014 թ.–ի հունվարի 1–ից և գործում է 1974 թ.–ի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթները ՀՀ սահմանադրությանն անհամապատասխան ճանաչելուց հետո պարտադիր բաղադրիչը գործում է միայն բյուջետային աշխատողների համար։ Մնացած քաղաքացիների համար օրենսդրական կարգով նախատեսվում էր ավելի վաղ կատարված կենսաթոշակային վճարների վերադարձ։
ՀՀ ԱԺ–ն այս տարվա մայիսի 12–ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց փոփոխություններ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որոնք նախատեսում են պարտադիր բաղադրիչի ներդրման ժամկետի երկարաձգում մինչև 2018 թ.–ի հուլիսի 1–ը։–0–