Երևանում անցկացվում է ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./ԱՌԿԱ/. Երևանում մեկնարկել է ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը։
Արմեն Սարգսյանը դարձավ խորհրդարանի կողմից ընտրված առաջին նախագահը խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։
2015 թ.–ին սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո Հայաստանն անցնում է խորհրդարանական իշխանավարման։ Վարչապետը կընտրվի ապրիլի 17–ի խորհրդարանի կողմից։
Երդմնակալության արարողությունն անցկացվում է Ազգային ժողովի` հատուկ գումարված նիստի ժամանակ` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Նիստը բացեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Նիստին մասնակցում է 92 պատգամավոր։
Երդմնակալության արարողությանը հրավիրված են Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, Սփյուռքի հասարակական–քաղաքական գործիչներ, բարձրագույն հոգևոր և պաշտոնատար անձինք, առաջատար ԶԼՄ–ների ղեկավարներ։
Արդեն իսկ ձևավորված ավանդույթի համաձայն, մինչ երդմնակալությունը հանդիսավոր կերպով պատվո պահակախմբի ուղեկցությամբ դահլիճ են բերվում պետական և հոգևոր խորհրդանիշները: Այսօր առավոտյան ՀՀ սահմանադրական դատարանից՝ Սահմանադրության մայր օրինակը, Մատենադարանից` 7-րդ դարի Վեհամոր Ավետարանը բերվել են ՀՀ նախագահի նստավայր: ՀՀ պետական դրոշը և Նախագահական իշխանության խորհրդանշանը Հանրապետության նախագահի համհարզները հանձնել են պատվո պահակախմբի զինվորներին: ՀՀ Սահմանադրության մայր օրինակը ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանին է հանձնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, իսկ Վեհամոր Ավետարանը Հովնան եպիսկոպոս Հակոբյանին է հանձնել Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Այնուհետև ՀՀ պետական դրոշի և Նախագահական իշխանության խորհրդանշանի հետ միասին ՀՀ Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը տեղափոխվել են երդմնակալության արարողության վայր:
ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով գլխավորում է իշխող ՀՀԿ–ն, երկու անգամ ընտրվել է ՀՀ նախագահի պաշտոնում։
ՀՀ ԱԺ–ն 2018 թ.–ի մարտի 2–ին 90 «կողմ» և 10 «դեմ» ձայներով Արմեն Սարգսյանին ընտրեց ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում։–0–