Երևանում ավտոբուսի պայթունից տուժած պատանիներին կատարվել են պլաստիկ-վերականգնողական վիրահատություններ
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենրտոնում բուժումը շարունակող 14 և 15 տարեկան պատանիներին երեքշաբթի կատարվել են կրկնակի պլաստիկ-վերականգնողական վիրահատություններ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Ապրիլի 25–ին ժամը 21։51–ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից ոչ հեռու, N63 ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել։ Ճշտված տվյալներով, ավտոբուսի պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, յոթ տուժածներ հոսպիտալացվել են, այդ թվում` անչափահասներ և հղի կին։
«Տղաների հիմնական վերքերը փակվել են տեղային հյուսվածքների միջոցով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Կատարվել են երկրորդային կորեկցիաներ մաշկային տրանսպլանտանտներով` մեկի ձախ նախաբզկի վրա, մյուսի աջ սրունքի հետին մակերեսի: Դեռահասների առողջական վիճակը կայուն է, համապատասխանում է կրած վիրահատության տևողության ծանրությանը:
«Բուժումն ընթանում է նորմալ, հավանական է, որ պատանիները վաղը տեղափոխվեն հիվանդասենյակ», –նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է պայթյունից տուժած 3 քաղաքացի` 2-ը քիթ-կոկորդ-ականջաբանության, 1-ը նյարդավիրաբուժական բաժանմունքներում: Նրանց վիճակը բժիշկները գնահատում են բավարար, բուժումը շարունակվում է:–0–