Երևանում ավտոբուսի պայթյունից տուժած հղի կնոջ վիճակը բարելավվել է. այսօր նա դուրս կգրվի հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտուտում բուժվող 37-ամյա հղի կինն այսօր դուրս կգրվի բժշկական հաստատությունից, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի փոխանցմամբ` կնոջ և պտղի վիճակը գնահատվում է լավ: Տնային պայմաններում ևս կշարունակվեն նեղ մասնագիտական խորհրդատվությունները:
Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է, գրանցվում է դրական տեղաշարժ:
Բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի խոսքով` շարունակվում է բազմապրոֆիլային բուժումը: Շաբաթվա երկրորդ կեսին կքննարկվի տղաներին հիվանդասենյակ տեղափոխելու հնարավորությունը:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է պայթյունից տուժած 3 քաղաքացի: Նրանց վիճակը բժիշկների գնահատմամբ բավարար է: Առաջիկա օրերին քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում գտնվող երկու քաղաքացիները կվիրահատվեն, նրանք թմբկաթաղանթի վնասվածքներ էին ստացել:
Ապրիլի 25–ին ժամը 21։51–ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից ոչ հեռու, N63 ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել։ Ճշտված տվյալներով, ավտոբուսի պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, յոթ տուժածներ հոսպիտալացվել են, այդ թվում` անչափահասներ և հղի կին։ –0–