Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Երևանում հասարակական տրանսպորտը կրկնակի կկրճատվի

02.02.2018, 15:29
2018 թ.–ի վերջում Երևանում ներդրվող նոր տրանսպորտային ցանցը նախատեսում է տրանսպորտային միջոցների կրճատում` 2040–ից 939։
Երևանում հասարակական տրանսպորտը կրկնակի կկրճատվի

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2018 թ.–ի վերջում Երևանում ներդրվող նոր տրանսպորտային ցանցը նախատեսում է տրանսպորտային միջոցների կրճատում` 2040–ից 939, հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։

Նրա խոսքով, նոր ցանցը նախատեսում է 42 տրանսպորտային գիծ` գործող 115–ի փոխարեն, որոնք կընդգրկեն մայրաքաղաքի ողջ տարածքը։

«Նոր ցանցը բացառում է միկրոավտոբուսների առկայությունը։ Միաժամանակ, մենք նախատեսում ենք ավելի կոշտ ստանդարտներ և պահանջներ ներդրվող ավտոբուսների նկատմամբ։ Փոփոխությունների արդյունքում կվերանա «գծատեր» երևույթը, քանի որ ցանցի կառավարման լիազորությունները կփոխանցվեն միասնական օպերատորի», – ասաց Նիկոյանն ուրբաթ ասուլիսի ժամանակ։ 

Նրա խոսքով, նոր ցանցի ներդրման գլխավոր սկզբունքներից այն է, որ A կետից B կետը տեղափոխվելու համար ուղևորը կվճարի միայն մեկ անգամ, չնայած, որ ճանապարհին կարող է փոխել մի քանի տրանսպորտային միջոց։

Նիկոյանը նշեց, որ մեծ ավտոբուսների ներդրումը, որոնցից շատերի երկարությունը 18 մետր է, չեն խանգարի մայրաքաղաքում տրանսպորտի երթևեկությանը։ 

«Նման մեծ ավտոբուսներ կերթևեկեն ոչ բոլոր փողոցներում։ Եվ եթե անգամ նրանք խանգարեն տրանսպորտի երթևեկությանը, դրանք կարելի է փոխարինել պակաս խոշոր ավտոբուսներով, որոնց երկարությունը 12 մետր է», – ավելացրեց փոխքաղաքապետը։

Նա ընդգծեց, որ նախատեսվում է փոխել նաև տրանսպորտի երթևեկության չվացուցակը։ Այսպես, առավոտյան ժամը 07–ից մինչև 23։00–ն աշխատելու փոխարեն տրանսպորտային միջոցները կաշխատեն 06։45–ից մինչև 00։00–ն։

Նիկոյանի խոսքով, կմշակվեն հատուկ հավելվածներ, որոնց օգնությամբ քաղաքացիները կկարողանան կազմել իրենց ուղևորության գրաֆիկը։

«Նոր նախագծով նախատեսվում է ավելացնել ավտոբուսների կանգառների թիվը` 840–ից դարձնելով 1180», – ավելացրեց փոխքաղաքապետը։ 

Նա նշեց, որ նոր տրանսպորտային ցանցին ամբողջությամբ անցնելու համար անհրաժեշտ ներդրումների չափը, նախնական հաշվարկներով, կկազմի մոտ 100 մլն դոլար։

Նիկոյանի խոսքով, նախատեսվում է նաև անփոփոխ թողնել գործող ուղեվարձի չափը։–0–