Բաժանիր և իշխիր. Դավիթ Խաժակյանն առաջարկում է Sanitek-ին կիսել քաղաքը պատասխանատվության գոտիների

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ առաջարկեց մայրաքաղաքում աղբահանության ճգնաժամի լուծման իր տեսլականը:
«Ընկերությունը կնքված երկու պայմանագիր ունի: Մենք առաջարկում ենք լուծել պայմանագրերից մեկը, իսկ Sanitek ընկերությանը կառաջարկվի իր ամբողջ ռեսուրսն ուղղել քաղաքի այն հատված, որտեղ կբավարարեն ընկերության աղբահանման մեքենաները և աղբարկղերը: Քաղաքի մյուս կեսի աղբահանության պատասխանատվությունը վերցնում է իր վրա տեղական մունիցիպալ կառույցը», - ասաց նա:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ կառավարությանը` առաջարկելով ստեղծել քաղաքապետարանին առընթեր կառույց, որը կզբաղբի աղբահանության հարցերով: Այդ առաջարկն ընդունվել է կառավարության կողմից, և քաղաքապետարանին թույլ է տրվել ձեռք բերել աղբահանման մեքենաներ` առանց թենդեր հայտարարելու:
Ըստ Խաժակյանի, երբ խոսքը պայմանագրի լուծման մասին է, ապա քաղաքային իշխանության իր գործընկերները նշում են, որ որևէ խոչընդոտ դրա համար չկա, սակայն նրանք վախենում են, որ այս ոլորտում կստեղծվի վակուում, և ոչ մեկ չի զբաղվի աղբահանությամբ:
Միաժամանակ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը նշեց, որ ընկերության կողմից բարձրացված խնդիրներն ունեն օբյեկտիվ կողմ:
«Կան վնասված աղբամաններ, կա աղբավայր, որտեղ մուտք-ելքը վտանգավոր է մեքենաների համար և ակնհայտ է, որ անհրաժեշտ էր վերանայել քաղաքապետարանի և ընկերության համագործակցության շրջանակները», - ասաց նա:
Միաժամանակ Խաժակյանը հայտարարեց, որ եթե ընկերության հետ կնքված պայմանագիրը վերանայվեր անցած տարվա աշնանը, այսինքն քաղաքապետարանի նոր կազմի ձևավորման պահից, ապա իրավիճակը հիմա ավելի լավ կլիներ, և խնդրի լուծումն ավելի էժան կլիներ:
Ավելի վաղ Sanitek International ընկերությունը հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ։ Հայցի գումարը կազմում է 24 702 187.6 դրամ (մոտ 51,784 դոլար)։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրապարակային կերպով դժգոհություն է հայտնել Sanitek–ի աշխատանքից` ընդգծելով, որ երևանցիներն այլևս չեն պատրաստվում հանդուրժել նման որակի աշխատանք։
Այս տարվա գարնանը Sanitek–ը երկու անգամ տուգանվել է Երևանում աղբահանության ոլորտում ստանձած պարտավորությունները չկատարելու համար (ապրիլի 15–ին` 13մլն դրամով և մայիսի 3–ին ` 26 մլն դրամով)։–0–