Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Բնապահպանության նախարարությունը նորմալ է համարում Սևանա լճի «ծաղկումը», իսկ ԱՆ–ն հորդորում է զերծ մնալ լողալուց

25.07.2018, 15:15
Բնապահպանության նախարարությունը ներկայացրել է Սևանա լճում կանաչաց ջրի լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները։
Բնապահպանության նախարարությունը նորմալ է համարում Սևանա լճի «ծաղկումը», իսկ ԱՆ–ն հորդորում է զերծ մնալ լողալուց

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնապահպանության նախարարությունը ներկայացրել է Սևանա լճում կանաչաց ջրի լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները։ Հետազոտվել է Սևանա լճում ազոտի և ֆոսֆորի պարունակությունը 2018 թ.–ի հուլիսին։

Մի քանի շաբաթ առաջ սոցցանցերում լուսանկարներ ու տեսանյութեր հայտնվեցին, որոնցում երևում է, որ Սևանի լճի ջուրը դարձել է մուգ կանաչ։ Ըստ տեսանյութի հեղինակների, նման տեսակի ջուրը կարող է վտանգավոր լինել առողջության համար և պարունակել վնասակար նյութեր։ ՀՀ բնապահպանության նախարարությունը ջրի նմուշառում է կատարել լաբորատոր հետազոտության ու ջրի գույնի փոփոխության պատճառները պարզելու համար։

Ինչպես նշվում է տարածած հաղորդագրությունում, 2018 թվականի գարնանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Սևանա լճում ֆոսֆատ և ամոնիում իոնների կոնցենտրացիաները բարձր են դիտվել, և ջերմաստիճանի կտրուկ աճը նպաստավոր պայմաններ է ստեղծել լճի ինտենսիվ ծաղկման համար: 

Ըստ հետազոտությունների, ֆոսֆատ իոնի կոնցենտրացիայի միջին արժեքը մակերևութային և միջին շերտերում գնահատվել է 0.08 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.15 մգ/լ, որոնք չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (0.3 մգ/լ): Ամոնիում իոնի միջին կոնցենտրացիան մակերևութային շերտում 0.25 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.17 մգ/լ, որոնք չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (0.5 մգ/լ):

«Նիտրատ իոնի կոնցենտրացիայի միջին արժեքը մակերևութային շերտում գնահատվել է 0.19 մգ/լ, իսկա հատակամերձ շերտում՝ 0.12 մգ/լ: Դիտված կոնցենտրացիաները չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (11 մգ/լ)», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Միաժամանակ նախարարությունից հայտնում են, որ լճի ընդհանուր էկոլոգիական վիճակը տարբեր հատվածներում և խորություններում ավելի մանրամասն կուսումնասիրվեն ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հետ համատեղ հուլիսի 30-31-ի գիտարշավի ընթացքում: 

Իսկ Առողջապահության նախարարությունն իր հերթին քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց: 

«Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին` քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Նախարարությունից հայտնում են, որ ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց  ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած»  ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։ 

Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝  ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ,  մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։  

«Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է` չլողալ կանաչ կամ «ծաղկած» ջրում,  արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում, վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի», – նշվում է հաղորդագրությունում:–0–