Դպրոցներում բավարար ջերմաստիճանային պայմանները ԿԳՆ–ի ուշադրության կենտրոնում են. գերատեսչություն

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում այսօրվանից վերսկսել է ուսումնական գործընթացը:
Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետերի, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ, հաղորդում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարը ճշգրտել է բնականոն ուսումնական գործընթաց կազմակերպելու նպատակով դպրոցներում բավարար ջերմաստիճան ապահովելու պայմանները:
Միաժամանակ, շրջաբերական է ուղարկվել բոլոր մարզպետերին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով այն ուսհաստատություններում, հատկապես գյուղական համայնքների, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության, դասերը սկսել առավոտյան ժամը 10.00-ից` 30 րոպե տևողությամբ դասաժամերով:
Միաժամանակ գերատեսչությունից նշում են, որ խնդիրը գտնվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մշտական ուշադրության կենտրոնում. մարզերից և Երևան քաղաքից ամենօրյա պարբերականությամբ նախարարություն է ներկայացվում համապատասխան տեղեկատվություն:
Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր:–0–