Դժգոհ նախարարներն այլընտրանք են առաջարկել ծխելն արգելող «դաժան» օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Ծխելու դեմ պայքարի շրջանակում Առողջապահության նախարարության ներկայացրած օրինագիծը բավական լուրջ դիմադրության է արժանացել հենց կառավարության ներսում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Ըստ աղբյուրի, վարչապետի մոտ այդ թեմայով վերջերս տեղի է ունեցել խորհրդակցություն, և նախարարներից շատերը դեմ են արտահայտվել այս նախագծին` ասելով, թե դա բացասական լուրջ հետևանքներ կարող է ունենալ տնտեսական առումով:
«Նախ՝ սրճարաններում, ռեստորաններում, ակումբներում ծխելն արգելելու հետևանքով կարող է նվազել հաճախորդների թիվը, ինչի հետևանքով այնտեղ կնվազի առևտրաշրջանառությունը, ըստ այդմ՝ նաև տնտեսվարողների կողմից բյուջե վճարվող հարկերը» - նշվում է հոդվածում:
Բացի այդ` տեսակետ է հնչել, որ այս նախաձեռնությունը բացասաբար կազդի նաև զբոսաշրջության վրա, քանի որ օտարերկրացի զբոսաշրջիկներին, հատկապես Ռուսաստանի Դաշնությունից, գրավում է այն, որ նրանք Հայաստանյան ժամանցի վայրերում ազատ ծխում են: Այնպես որ, Հայաստանը կարող է վանի զբոսաշրջիկներին:
Այդ խորհրդակցության ժամանակ նույնիսկ բերվել է հարևան Վրաստանի օրինակը, որտեղ նաև տուրիզմի զարգացման նպատակով օրինականացվեց մարիխուանայի օգտագործումը»:
«Մեր տեղեկություններով` առաջարկվել է ոչ թե ծխելն արգելել անխտիր բոլոր վայրերում, այլ գոտիավորել` սրճարաններում, ռեստորաններում, ակումբներում և նման այլ վայրերում սահմանել ծխողների ու չծխողների համար առանձին սրահներ:-0-