Էներգետիկայի նախարարի պաշտոնակատարը բացառեց գազի գնի բարձրացումը
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համար ռուսական գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, հինգշաբթի` կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
«Դա բավականին դժվար բանակցություներ են, որոնք երկար ժամանակ են պահանջում: Գործող պայմանագրի ժամկետի ավարտը խնդիր չէ, քանի որ այն մեխանիկորեն երկարաձգվում է: Չի լինի այնպես, որ հունվարի 1-ից մենք դադարենք գազ ստանալ», - հայտարարեց նա:
Ավելի վաղ նշվում էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քննարկել են այս հարցը Սանկըտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին:
«Բանակցությունները տարվում են սակագի իջեցման շուրջ, ոչ մեկ չի խոսում բարձրացման մասին», - նշեց Բաղրամյանը:-0-