Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

Երկրում շուրջ հազար մարդ է հոսպիտալացվել գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով. ԱՆ

14.01.2016, 12:30
Երկրում շուրջ հազար մարդ է հոսպիտալացվել գրիպի և սուր շնչառական վարակի ախտանիշներով։
Երկրում շուրջ հազար մարդ է հոսպիտալացվել գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երկրում շուրջ հազար մարդ է հոսպիտալացվել գրիպի և սուր շնչառական վարակի ախտանիշներով, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Նրա խոսքով` վերջին 20 օրվա ընթացքում հանրապետությունում նկատվում է հիվանդացության թվի էական աճ, ինչը համադրվում է ԱՀԿ–ի համաշխարհային կանխատեսումների հետ։

Նախարարը նշեց, որ Հայաստանում գրիպի գրեթե բոլոր դեպքերի պատճառը А տիպի վիրուսն է, 56 տոկոսի պատճառը` H1N1 ենթատիպը։

«Այս պահին հոսպիտալացված է 948 հիվանդ, որոնցից 114–ը հղիներ են։ 32 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 18–ին միացված են արհեստական շնչառության սարքեր», – ասաց նախարարը։

Նա ավելացրեց, որ 420–ի դեպքում հիվանդությունը բարդացել է` առաջացնելով թոքաբորբ։ Թոքաբորբով հոսպիտալացվել է 223 երեխա և 38 հղի։

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բոլոր հիվանդացածների շուրջ 80 տոկոսը (796 մարդ) մինչև 18 տարեկան երեխաներ և դեռահասներ են», – տեղեկացրեց նախարարը։

Նա նշեց, որ մինչև Նոր տարի գրանցվել էր գրիպի պատճառով առաջացած բարդություններից մահվան երեք դեպք, այս տարի` ութ դեպք։ Նրանց բոլորի մոտ հայտնաբերվել է H1N1 հարուցիչը, և նրանք ունեին այլ քրոնիկ հիվանդություններ։ 

Նախարարն ընդգծեց, որ գրիպի և ՍՇՎ–ի բուժումը բոլոր հիվանդանոցներում անվճար է` անկախ հիվանդների սոցիալական վիճակից։ Մասնավորապես, «Տամիֆլյու» հակավիրուսային դեղամիջոցը ստացիոնարներում տրամադրվում է անվճար, իսկ երեկ երեկոյան որոշում է ընդունել դեղորայքն անվճար տրամադրել նաև բոլոր ամբուլատոր հաստատություններում։

Մուրադյանը տեղեկացրեց, որ ինֆեկցիայի դեմ պայքարելու համար ստեղծվել է արագ արձագանքման օպերատիվ խումբ, իսկ կանխարգելիչ միջոցառումները ձեռնարկվել են դեռևս սեպտեմբերից, մասնավորապես, կազմակերպվել են հատուկ դասընթացներ վերակենդանացման բաժանմունքների աշխատողների համար։ 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշեց, որ գրիպով հիվանդների բուժումը պետք է լինի անվճար` անկախ հիվանդի սոցիալական կարգավիճակից։–0–