Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանն աշխարհի «ամենատառապող» երկրների եռյակում է. Gallup ուսումնասիրություն

14.04.2012, 14:15
Gallup ծառայության հրապարակած 2011թ. արդյունքներով՝ աշխարհի 146 երկրների շարքում Հայաստանը 3-րդ տեղն է զբաղեցնում ամենադժբախտ երկրների վարկանիշում:
Հայաստանն աշխարհի «ամենատառապող» երկրների եռյակում է. Gallup ուսումնասիրություն

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Gallup ծառայության հրապարակած 2011թ. արդյունքներով՝ աշխարհի 146 երկրների շարքում Հայաստանը 3-րդ տեղն է զբաղեցնում ամենադժբախտ երկրների վարկանիշում:

Երկրների բնակիչները գնահատել են իրենց կյանքից բավարարված լինելու մակարդակը 10 բալանոց համակարգով, որտեղ «0»-ն ցույց է տալիս համընդհանուր անբավարարվածություն, իսկ «10»-ը՝ լիակատար երջանկություն: Ընդ որում, ուսումնասիրության արդյունքների համաձայն, երկրները համապատասխանաբար բաժանվել են «բարգավաճողների», «դժվարություններ ունեցողների» և «տառապողների»:

Հայաստանը, որտեղ իրենց կյանքի մակարդակով բավարարված է բնակչության 35% -ը, անցել է 18 «տառապող» երկրների շարքը: Տվյալ ցուցանիշով նրանից առաջ են միայն Բուլղարիան և Եմենը, որտեղ կյանքն անգույն է համապատասխանաբար 45% և 38% բնակիչների համար: Մի փոքր ավելի լավ վիճակ է Վրաստանում, Ռումինիայում, Հունգարիայում և Մալավիայում, որտեղ կյանքից դժգոհ է բնակչության 28% -ը: Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ վերջին տարում իրավիճակը կտրուկ վատացել է Սալվադորում (33%), Աֆղանստանում (30%)  և Իրանում (26%):  

Հատկանշական է այն, որ հետխորհրդային պետությունների մեծ մասը հայտնվել է  «դժվարություններ ունեցող» երկրների շարքում: Այսպես, Ուկրաինայում, Լատվիայում և Տաջիկստանում տառապող քաղաքացիների թիվը 23% է կազմում, Ռուսաստանում` 19%, Ադրբեջանում` 18%, Էստոնիայում` 17%, Բելառուսում և Լիտվայում` 16%, Մոլդովայում` 14%, Ղազախստանում` 11%, Ղրղըզստանում` 8%, իսկ Ուզբեկստանում` 4%: 

Համեմատաբար ավելի բարենպաստ երկրների շարքում, որոնք 24-ն են, առաջատարներ են Բրազիլիան, որտեղ տառապում է բնակչության 1%-ից պակաս մասը: Կյանքից դժգոհողների ռեկորդային ցածր ցուցանիշներ են արձանագրվել Կանադայում, Լյուքսեմբուրգում, ԱՄԷ-ում, Թայլանդում, Նիդեռլանդներում (յուրաքանչյուրում` 1%), ինչպես նաև Դանիայում, Ավստրալիայում, Սաուդյան Արաբիայում, Օմանում, Նոր Զելանդիայում, Թուրքմենստանում, Շվեյցարիայում և Զամբիայում (յուրաքանչյուրում` 2%):

ԱՄՆ-ում իրենց դժբախտ է համարում երկրի քաղաքացիների 3%-ը, ի դեպ վերջին մի քանի տարիներին այս ցուցանիշն անփոփոխ է մնում: --0--