Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հակատանկային նռնականետեր, ինքնաձիգեր, պայթուցիչներ. 1 ամսվա ընթացքում հայաստանցիներն ինքնակամ հանձնել են մեծ քանակի ռազմամթերք

15.01.2019, 17:17
Վերջին մեկ ամսվա ընթացքում, հանրապետության տարբեր մարզերի բնակիչներ ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:
Հակատանկային նռնականետեր,  ինքնաձիգեր, պայթուցիչներ. 1 ամսվա ընթացքում հայաստանցիներն ինքնակամ հանձնել են մեծ քանակի ռազմամթերք

ԵՐԵՎԱՆ, 15 հունվար. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում, վերջին մեկ ամսվա ընթացքում, հանրապետության տարբեր մարզերի բնակիչներ ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, դեկտեմբեր–հունվար ամիսներին ՀՀ Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի մի շարք քաղաքացիներ ՀՀ ԱԱԾ մարզային վարչություններ ինքնակամ ներկայացրել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում՝ հակատանկային նռնականետեր, ինքնաձիգեր, հակահետևակային ականներ, պայթուցիչներ, նռնակներ, պայթուցիկ նյութեր, պահունակներ, տարբեր տրամաչափի, ընդհանուր առմամբ, շուրջ 2000 փամփուշտներ:

«ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով՝ զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերն ու սարքերը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ազգային անվտանգության ծառայությունը վերահաստատում է, որ ապօրինի զենք-ռազմամթերքի դեմ պայքարը կրելու է շարունակական բնույթ, և ըստ այդմ, քաղաքացիներին կոչ է արվում ապօրինի պահվող զինամթերքը հանձնել իրավապահ մարմիններին:-0-