Рейтинг@Mail.ru
USD
376.92
EUR
444.01
RUB
4.9181
GEL
140.9
2026 թ. փետրվարի 26, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հաստատվել են Հռոմի Պապի հայաստանյան այցի կարգախոսը և տարբերանշանը

19.05.2016, 13:18
Հաստատվել են հունիսի 24-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցի կարգախոսը և տարբերանշանը` համապատասխան նկարագրությամբ:
Հաստատվել են Հռոմի Պապի հայաստանյան այցի կարգախոսը և տարբերանշանը

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Հաստատվել են հունիսի 24-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցի կարգախոսը և տարբերանշանը` համապատասխան նկարագրությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

Տարբերանշանը շրջանաձև է: Տարբերանշանի հիմքում Խոր Վիրապի վանքի և բիբլիական Արարատ լեռան պատկերն է: Ս. Գրիգոր Լուսավորիչը շուրջ 14 տարի եղել է բանտարկված Արտաշատի վիրապում, որի վրա և հետագայում կառուցվել է վանքը: Այնուհետ Սուրբ Գրիգորը դարձավ հայոց ազգի առաջին Հայրապետը, և Տրդատ Գ Մեծ թագավորի հետ համատեղ ջանքերով քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն:

Տարբերանշանի գույներն են մանուշակագույնը և դեղինը, որոնք արտացոլում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթողիկե Եկեղեցու պաշտոնական գույները: Տարբերանշանում նաև ներառված են երկու եկեղեցիների զինանշանները:

Շրջանակի երկայնքով գրությունն արտացոլում է բուն այցը՝ «Ֆրանցիսկոս Պապ. Հայաստան. 24-26 հունիս, 2016»:–0–