Հայ դպրոցականները ևս 6 մեդալ են նվաճել դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներից

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Շարունակվում են Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաները:
Այս անգամ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաների միջազգային առարկայական օլիմպիադաներում հայ դպրոցականներն արժանացել են 6 մեդալի և 2 գովասանագրի, հաղորդում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը։
Մաթեմատիկայի օլիմպիադան անցկացվել է հուլիսի 12-23-ը Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո քաղաքում։
Հայաստանի թիմը, որը ղեկավարում էին Սմբատ Գոգյանը (ՀՀ ԳԱԱ) և Տիգրան Մարգարյանը (Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց), արժանացել է 2-ական արծաթե (Միքայել Մկրտչյան, 12-րդ դասարան և Գագիկ Մաղաքյան, 10-րդ դասարան)ու բրոնզե (Սերգեյ Ներսիսյան, 12-րդ դասարան և Վահան Մարտիրոսյան, 11-րդ դասարան) մեդալի և 1 գովասանագրի (Կարագուլյան Վահե, 11-րդ դասարան)։
Բոլոր աշակերտները սովորում են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում։
Ֆիզիկայի օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 16-24-ը Ինդոնեզիայի Յոգոկարտա քաղաքում, հայ աշակերտները վաստակել են 1-ական արծաթե (Դավիթ Գևորգյան, Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան) ու բրոնզե (Խաչատուր Նազարյան, Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան) մեդալ և 1 գովասանագիր (Միքայել Եղիազարյան, «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան): Թիմը ղեկավարում էին Գագիկ Գրիգորյանը և Բիլոր Կուրղինյանը, ովքեր դասավանդում են «ԱՅԲ» և Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցներում։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-15-ը Թաիլանդի Նախոմ-Պատոմ քաղաքում կայացած «Քիմիա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը շահել էր երկու բրոնզե մեդալ և մեկ գովասանագիր:
Նշենք, որ հաջորդ օլիմպիադան կանցկացվի «Կենսաբանություն» առարկայից, հուլիսի 23-30-ը, Մեծ Բրիտանիայի Կովենտրի քաղաքում:-0-