Հուլիսի 1–ից մասնակի կփոխհատուցվի էլեկտրաէներգիայի սակագինը սոցիալապես անապահով ընտանիքների համար
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/.«Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում «Տաշիր» ընկերությունների խումբը որոշում է կայացրել ս.թ. հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում` 1 կվտ/ժ-ի դիմաց 10 դրամի չափով՝ ամսական մինչև 250 կվտ/ժ ծախսից:
«Փոխհատուցումը կտրամադրվի «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական միջոցներից և կկազմի սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսի 25-ից 30 տոկոս», – նշվում է հաղորդագրության մեջ։
«Տաշիր» ընկերությունների խումբը նշում է նաև, որ սոցիալապես անապահով խմբերին ցուցաբերվող աջակցությունն ընկերության սոցիալական ծրագրերի գերակա ուղղություններից է: Ընդունված որոշումը դեռևս 2015-2016թթ. իրականացված ծրագրի տրամաբանական շարունակությունն է։
Ընկերությունը նաև հիշեցնում է, որ 2015թ. օգոստոս ամսից մինչև 2016թ. հուլիսը մինչեւ 250 կվտ/ժ էլեկտրաէներգիա սպառող յուրաքանչյուր բաժանորդի՝ ՀՀ կառավարության և«Տաշիր»-ի կողմից պարիտետային սկզբունքով փոխհատուցում է տրամադրվել ավելացված սակագնի չափով:–0–