Խորհրդարանը հավանություն տվեց Սևանա լճից ջրի բացթողման ծավալների ավելացմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ոգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին » նախագիծը, որը ենթադրում է ավելացնել ջրի բացթողման ծավալները:
Օգոստոսի 23-ին ՀՀ կառավարությունը հաստատել է այս օրինագծում փոփոխություններ կատարելու որոշումը, որի համաձայն նախատեսված 170 մլն խմ–ի փոխարեն այս տարի ջրի բացթողումը կկազմի առավելագույնը 210 մլն խմ:
Բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներն արդեն երկու օր բողոքի ակցիա են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ Սևանա լճից ջրի բացթողման ծավալի ավելացման դեմ:
Նախագիծն ընդունվել է 80 կողմ, 1 դեմ ձայներով, ձեռնպահներ չեն եղել։
Նախագիծը ներկայացնող Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը նշեց, որ փոփոխությունների ընդունումը թույլ կտա 55 հազար ֆերմեր ընտանիքներին ոռոգել իրենց հողատարածքը։
«Ջրի կորուստների ծավալը հասնում է մինչև 40 տոկոս: Հուլիսից ոռոգման համակարգերն անցել են ջրի տնտեսման ուժեղացված ռեժիմի՝ փորձելով ամեն կերպ լրացնել 120 մլն խմ–ի դեֆիցիտը: Այսօր դեֆիցիտը նվազեցվել է մինչև 40 մլն խմ–ի, կգործարկվեն բոլոր միջոցները, որպեսզի առաջին փուլում չօգտագործվի 25 մլն խորանարդ մետր նախատեսվածից ավել», - ասաց Գաբալյանը:2017 թ.-ին չոր եղանակային պայմանների պատճառով ջրի բացթողման ծավալն ավելացել էր 100 մլն խորանարդ մետրով՝ նախատեսված 170 մլն խմ.–ի փոխարեն: 2018 թ.-ին նույնպես նախատեսված էր 170 մլն խորանարդ մետր:–0–