Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի նախագահը ներկա է գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը

29.01.2015, 17:57
ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը, հայտնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։
Հայաստանի նախագահը ներկա է գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը, հայտնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կառուցման որոշումը կայացվել է 2013թ. մայիսի 30-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ Նախագահի առաջարկի հիման վրա: Այդ որոշմամբ ՀՀ մշակույթի նախարարությանն է տրվել Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում։ գտնվող  Մշակույթի նախկին պալատի շենքը, որ տարածքում կառուցվել է  թանգարան–ինստիտուտի նոր շենքը։

Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլորին թանգարան-ինստիտուտի բացման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել այս կարևոր նախաձեռնության իրականացմանն իրենց ներդրումն ունեցած բոլոր անձանց և թանգարանում շրջայց կատարելուց ու տարբեր սրահներում ներկայացված ցուցադրություններին ծանոթացելուց հետո, գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում.

«Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հայ ժողովրդի միասնության և վերածննդի խորհրդանիշն է: Կոմիտաս վարդապետը միավորեց հոգևորը և աշխարհիկը, ազնվականը և գեղջկականը, արևմտահայկականը և արևելահայկականը՝ ապացուցելով, թե որքան արհեստական են եղել այդ և բազում այլ բաժանարար գծերը: Դրանով իսկ նա դարձավ ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի նոր ընթացքի ռահվիրան ու երաշխավորը՝ վեր հանելով և մեզ հասցնելով մի ահռելի քաղաքակրթական շերտ»,–ասված է նախագահի գրառման մեջ:

Նախագահը նաև գրել է. «ուրախ եմ, որ այս թանգարանի շնորհիվ Կոմիտասի անօրինակ ժառանգությունն այժմ կարող է համակարգված ուսումնասիրության և լայն տարածման առարկա դառնալ ինչպես Հայաստանում, այդպես էլ աշխարհով մեկ»:

«Կոմիտասը մեր մշակութային կյանքի մասնակիցն է, ով շարունակում է մեզ ուղղորդել արդեն երրորդ հազարամյակի բարդ քառուղիներում։ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի բացումը կարևոր իրադարձություն է մեր երկրի ու մեր ժողովրդի համար»,–ընդգծել է Սերժ Սարգսյանը։:

Մինչ թանգարանի բացումը, Սերժ Սարգսյանը պետական հանձնաժողովի անդամների և հյուրերի հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ դրել Վարդապետի շիրիմին: Նորաբաց թանգարանի համերգային դահլիճում բացման կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն:

 «Կոմիտասի թանգարան–ինստիտուտ» ՊՕԱԿ–ի հիմնադրման» մասին ՀՀ կառավարության որոշումն ընդունվել է  2014 թվականի հուլիսի 24–ին ։ Թանգարան–ինստիտուտի շինարարության ծախսերը իրականացվել են  «Փյունիկ» համահայկական և «Լույս» հիմնադրամների միջոցներով։ Շենքի ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։  

Թանգարանային համալիրը ներառում է հետազոտական կենտրոն, համերգասրահ, գրադարան և հրատարակչություն։ Թանգարանը հավաքելու է, ուսումնասիրելու և քարոզելու է մեծանուն հայ կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունը: Թանգարանը նաև բարենպաստ պայմաններ կստեղծի երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործական գործունեության համար:

Թանգարան–ինստիտուտի էքսպոզիցիայի համար նյութեր են տրամադրվել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից,  ԳԱԱ-ի Արվեստագիտության ինստիտուտի արխիվից, Ազգային պատկերասրահից։

Կոմիտասը (իսկական անուն-ազգանունը՝ Սողոմոն Սողոմոնյան) 12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար: Ուսման տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր արել: 1893 թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավար: 1894 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա` VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անվամբ,  1895 թ-ին՝ վարդապետ: 1895 թ-ին Թիֆլիսում հարմոնիայի դասեր է առել Մակար Եկմալյանից: 1896–99 թթ-ին ուսումը շարունակել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում. ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել: Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր:

1899 թ-ին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում: 1906 թ-ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզում: 1910 թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել է «Գուսան» երգչախումբը և համերգներով շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլուր: Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»:

1915 թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի մղձավանջը՝ կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը մնացել է Փարիզի հոգեբուժարաններում: Հիվանդության տարիներին զգալի տուժել է նաև նրա ազգագրական և գիտական ձեռագիր ժառանգությունը: –0–