Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի ստանալ վաղաժամ

27.10.2017, 16:31
Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի ստանալ վաղաժամ` մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը։
Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի ստանալ վաղաժամ

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի ստանալ վաղաժամ` մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը, նշվում է «Նորք» կենտրոնի մամուլի հաղորդագրության մեջ։

Կուտակային համակարգի մասնակիցը կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակը վաղաժամ՝ 55 տարեկանում, եթե նրա կենսաթոշակային հաշվում առկա գումարը հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ստացվող կուտակային կենսաթոշակը կազմի հիմնական կենսաթոշակի հնգապատիկի չափով գումար:

Այս պահին թվային հաշվարկով այդ գումարը կազմում է 19.2 մլն դրամ: Հաշվարկի հիմքում ընկած են հիմնական կենսաթոշակը՝ 16.000 դրամ, և 55 տարեկանից հետո կյանքի սպասվող միջին տևողությունը՝ 20 տարի:

Այսինքն, եթե 55 տարեկանում Ձեր հաշվին կա այնքան գումար, որը 20 տարիների համար հավասար ամսական վճարումների վերածելիս ստացվի 80,000 դրամ (16,000 դրամի հնգապատիկը), ապա Դուք արդեն այդ պահից սկսած` կկարողանաք ստանալ Ձեր կուտակային կենսաթոշակը` առանց սպասելու 63 տարեկանին հասնելուն:

Այս պարագայում պետք է դիմում ներկայացնել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա և ստանալ տեղեկանք, որից հայտնի կդառնա` որքան պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ունեք, որքան է դրանց հաշվարկային արժեքը` դրամային արտահայտությամբ, և որքան են կազմում ամսական վճարումները:

Դեպոզիտարիան դիմումը ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակցին է տրամադրում վերոնշյալ տեղեկությունները պարունակող տեղեկանք:

Եթե գումարը բավական է 55 տարեկանից կուտակային կենսաթոշակ ստանալու համար, ապա մասնակիցը կնքում է անուիտետի պայմանագիր ապահովագրական ընկերության հետ:

Մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցի դիմումի հիման վրա մարում է նրա կենսաթոշակային ֆոնդի փայերը և նրա կուտակային միջոցները փոխանցում է ապահովագրական ընկերությանը, որն էլ ցմահ վճարում է մասնակցի կուտակային կենսաթոշակը:

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը ներդրվել է Հայաստանում 2014 թ.–ի հունվարի 1–ից և գործում է 1974 թ.–ի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթները ՀՀ սահմանադրությանն անհամապատասխան ճանաչելուց հետո պարտադիր բաղադրիչը գործում է միայն բյուջետային աշխատողների համար։ Մնացած քաղաքացիների համար օրենսդրական կարգով նախատեսվում էր ավելի վաղ կատարված կենսաթոշակային վճարների վերադարձ։

ՀՀ ԱԺ–ն այս տարվա մայիսի 12–ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց փոփոխություններ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որոնք նախատեսում են պարտադիր բաղադրիչի ներդրման ժամկետի երկարաձգում մինչև 2018 թ.–ի հուլիսի 1–ը։–0–