Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Արցախում մեկնարկել է մարդահամարը

01.12.2015, 14:10
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել է մարդահամարը, հայտնում է «Ազատ Արցախը»:
 Արցախում մեկնարկել է մարդահամարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել է մարդահամարը, հայտնում է «Ազատ Արցախը»:

ԱՎԾ նախագահ, մարդահամարի գծով տեղակալ Միքայել Սողոմոնյանի տեղեկացմամբ, նախապատրաստված փուլն ավարտվել է ժամանակացույցով նախատեսված ժամկետում, կազմվել են մարդահամարի 9, հրահանգչական 99 և հաշվարկային 527 տեղամասեր։

Ընդհանուր առմամբ, մարդահամարի գործընթացը կազմակերպելու համար աշխատանքներում ընդգրկվել է 749 անձ՝ ժամանակավոր աշխատողներ, որոնց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր՝ տարբեր ժամկետներով:

Սողոմոնյանն ասել է, որ հաշվարարները զրուցելու են միայն ընտանիքի այն անդամների հետ, որոնք ի վիճակի կլինեն լիարժեք տեղեկություններ հաղորդել տնային տնտեսության վերաբերյալ։

Մարդահամարի թերթիկներում ընդգրկված է 55 հարց, որից 33-ը՝ հիմնական, 22-ը տնային տնտեսությունների սեփականության, եկամուտների և նմանատիպ հարցեր են։

Սողոմոնյանը կարևորել է այն, որ մարդահամարի տվյալները գաղտնի են, հրապարակման ենթակա չեն և նույնիսկ չեն կարող որպես ապացույց օգտագործել դատական, դատաքննական և այլ մարմինների կողմից։ Առավել ևս՝ որևէ կապ չունեն պետության կողմից իրականացվող այս կամ այն ստուգման, վերահսկողության հետ։ Ավելին՝ վերջնական արդյունքները կարող են հրապարակվել միայն ամփոփ, խմբավորված տեսքով։

Մարդահամարի ավարտից հետո, երեք օրվա ընթացքում կանցկացվի վերստուգիչ շրջագայություն, ընտրանքային կարգով կընտրվեն այն բնակարանները, որտեղ ստուգումներ են անցկացվելու։

Հարցաթերթերի ստուգման, մուտքագրման ու կոդավորման աշխատանքներն ավարտելուց հետո 2016թ. ապրիլին կհրապարկվեն նախնական, իսկ տարեվերջին՝ վերջնական արդյունքները, ինչպես նշել ենք, ամփոփված և խմբավորված։

Մարդահամարի նպատակը ոչ միայն ԼՂՀ վարչատարածքային միավորների, բնակչության թվաքանակի և կազմի վերաբերյալ տվայլների ստացումն է, այլև դրանց օգնությամբ պետական մարմիններին, պետական ռազմավարական ծրագրերի որակյալ կազմանն ու երկրի զարգացման ուղղությամբ կանխատեսումների հստակեցմանն օժանդակելը։

Մարդահամարը  նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 1-9-ը և անկախության պայմաններում թվով երկրորդն է։-0-