Մասաչուսեթսում բարեգործական երեկոյի ընթացքում շուրջ 220 հազար դոլար է հավաքվել Արցախի ականազերծման համար

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Շուրջ 220 հազար դոլար է հավաքվել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում «The HALO Trust» մարդասիրական կազմակերպության ծրագրի իրականացման համար, որն ուղղված է Արցախի տարածքի ականազերծմանը։
Ինչպես հաղորդում է «The Armenian Weekly» թերթը, միջոցներ են հավաքվել բարեգործական երեկոյի ընթացքում, որը տեղի է ունեցել կազմակերպության համանախագահներ Րաֆֆի և Նինա Ֆեստեկջյանների տանը:
Բարեգործական երեկոյի ընթացքում աճուրդ է անցկացվել, որի ընթացքում ներկայացվել են ամերիկահայ լուսանկարիչ Սքաուն Թուֆենկջյանի աշխատանքները, ինչպես նաև գինիներ Արցախից: Աճուրդի արդյունքում հավաքվել է 110 հազար դոլար: Այս գումարը կրկնապատկվել է ծագումով հայ մի բարերարի կողմից, ով նախընտրել է չհրապարակել իր անունը:
Ինչպես ընդգծել է երեկոյի հյուրերից մեկը` Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, կառավարությունը շարունակում է աջակցել կազմակերպությանը` նշելով, որ The HALO Trust-ի աշխատանքը շատ կարևոր է Արցախի անվտանգության և տնտեսության համար:
«Նրանք ազատում են Արցախը ականներից և Արցախի գյուղատնտեսական հողատարածքներն ավելի անվտանգ են դարձնում: Նրանք, նախևառաջ, կյանքեր են փրկում», - ասել է Ավետիսյանը:
The HALO Trust-ը աշխարհի խոշորագույն մարդասիրական կազմակերպություններից է, որը զբաղվում է տարածքների ականազերծման աշխատաքներով: Կազմակերպությունն Արցախում գործում է 2000 թ-ից:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-