Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Նախարար. ՀՀ–ում H1N1 վիրուսի համաճարակ չկա

23.01.2019, 13:38
Նրա խոսքով, երկրում նկատվում է իրավիճակի կայունացում, որն արդեն հաջորդ շաբաթ, ամենայն հավանականությամբ, կգնա դեպի անկում։
Նախարար. ՀՀ–ում H1N1 վիրուսի համաճարակ չկա

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում H1N1 վիրուսի համաճարակ չկա, սակայն կա մահվան դեպք, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դա պարզապես գրիպի վիրուսի շտամ է, Հայաստանում համաճարակ չկա, և իրավիճակը շատ հեռու է նման ցուցանիշից։ Ավելին, երկրում նկատվում է իրավիճակի կայունացում, որն արդեն հաջորդ շաբաթ, ամենայն հավանականությամբ, կգնա դեպի անկում, և սպառնալիք չի լինի», – ասաց նախարարը։

Խոսելով Հայաստանում գրանցված մարդու մահվան մասին, ում մոտ հայտնաբերվել էր H1N1 վիրուսը` նախարարը նշեց, որ հիվանդությունն ընթանում էր ծանր խրոնիկ հիվանդության ֆոնին։

«Մենք ունենք H1N1 վիրուսի հաստատման բազմաթիվ դեպքեր, սակայն բոլոր հիվանդները ստացել են բուժում և արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից», – պարզաբանեց Թորոսյանը։

Նախարարը նաև ընդգծեց, որ ցանկացած կասկածի դեպքում իրականացվում է լաբորատոր փորձաքննություն, և անհրաժեշտության պարագայում ձեռնարկվում են համապատասխան քայլեր։

Միաժամանակ նա տեղեկացրեց, ,որ այս տարի գրիպի պատվաստումներն իրականացվում են մեծ ծավալով, և բարձր ակտիվություն է գրանցվում հենց ներկա ժամանակաշրջանում։

Թորոսյանը նշեց, որ պետությունը գրիպի պատվաստանյութը գնում է բարձր ռիսկի խմբերի համար` 1–5 տարեկան երեխաներ, հղիներ, խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, 65 տարեկանից բարձր մարդիկ, սակայն հենց այս կատեգորիայի ներկայացուցիչները դրսևորում են պասիվություն, և պատվաստում ստանալու համար դիմում են առողջ մարդիկ։ 

«Մենք դեռ ունենք պատվաստանյութ, որը բաժանում ենք պոլիկլինիկաներին` պահանջարկը բավարարելու համար, սակայն շուտով հիվանդությսն սեզոնը կավարտվի, և ԱՆ–ն պատվաստանյութ կգնի նոր սեզոնի համար», – ասաց նախարարը։

Առողջապահության նախարարությունը հունվարի 15–ին տեղեկացրել էր, որ Հայաստանի հիվանդանոցներից մեկում 62–ամյա տղամարդ է մահացել, որի մոտ հայտնաբերվել է H1N1 վիրուսը։ Մահը վրա է հասել սրտային անբավարարության սրացման արդյունքում: Տղամարդը բժշկական օգնության դիմել է ուշացած։

Հունվարի 22–ի դրությամբ նվազել են ՍՇՎ–ով պայմանավորված հոսպիտալացման դեպքերը` 700 հիվանդ, որից 92.0%-ը 0-14 տարեկան երեխաներ են: Նվազել են նաև շտապօգնության կանչերը՝ 84 կանչ: ԱՆ–ի հաղորդմամբ, չնայած նվազման միտմանը աշխուժացել է դիմելիությունը պոլիկլինիկական կազմակերպություններ՝ 2028, հիմնականում քաղաքացիները սկսել են դիմել վաղ շրջանում:

Հանրապետությունում շարունակվում է դպրոցներում և մանկապարտեզներում «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: 

Հունվարի 11–ին Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը տեղեկացրեց, որ Հայաստանում գրանցվել է մահվան դեպք H1N1 վիրուսից առաջացած գրիպի բարդություններից։ 57–ամյա կին է մահացել։–0–