ՀՀ նախագահը ցավակցել է Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկի` Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ
19.01.2015,
18:46
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն երկուշաբթի ցավակցություն է հայտնել Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկի` Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ, ասված է երկրի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն երկուշաբթի ցավակցություն է հայտնել Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկի` Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ, ասված է երկրի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Գյումրիում կատարված ոճրագործությունից ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահը գրանցվել է հունվարի 19-ին, ժամը 17:02-ին։
«Մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը: Չնայած հայ և ռուս բարձրակարգ բժիշկների անսահման ճիգերին՝ մենք կորցրինք նրան: Հանգավ լույսը, որը Գյումրիի ոճրագործությունից հետո բոլորիս միակ սփոփանքն էր, որն անվերականգնելին գոնե ինչ-որ չափով լցնելու համար անելիք էր թողնում մեզ: Ավա՜ղ, չստացվեց, չնայած հնարավոր և անհնարին բոլոր ջանքերին՝ չստացվեց»,–նշված է նախագահի ցավակցական խոսքում։:
« Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին, բոլոր գյումրեցիներին, մեր ողջ ժողովրդին: Ճիշտ է՝ ցավակցությունները, որքան էլ հնչեն, չեն փարատելու վիշտը, և հետ չեն բերելու կորուստը, բայց պիտի դիմանալ: Պիտի ուժ ու տոկունություն գտնել: Ապրելու ուրիշ բանաձև չկա: Պիտի շարունակել ապրել և արդար հատուցման հասնել այս բոլոր ցավերի ու այս ոճրագործության համար»,–ընդգծել է նախագահը:
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան:
Ավելի վաղ նշվել էր, որ երեխայի վիճակը կայուն ծանր է։ Նա Գյումրիից Երևան էր բերվել ծայրահեղ ծանր վիճակում։
Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանն է, ով հիմա վերակենդանացման բաժանմունքում է։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել–0–