Օդերևութաբանը ներկայացրեց Հայաստանում հուլիս և օգոստոս ամիսների կանխատեսումը
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ամսական և սեզոնային կանխատեսումների համաձայն` սպասվում է, որ Հայաստանում հուլիսին և օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր, ասաց ՀՀ ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայության օպերատիվ օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Նա պարզաբանեց, որ երեքշաբթի օրվանից Հայաստանի ողջ տարածքում տեղումները կդադարեն, ամպամածությունը կպահպանվի միայն Սյունիքում, Տավուշում և Լոռիում, միաժամանակ տեղումների հավանականությունը բավականին ցածր կլինի։
«Առաջիկա հինգ օրերի ընթացքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, և արդեն հուլիսի 16–17–ը Արարատյան դաշտավայրում, ինչպես նաև Վայոց Ձորի նախալեռներում և այլ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +37...+38։ Միաժամանակ, Սյունիքի հովիտներում առաջիկա հինգ օրը ջերմաստիճանը կլինի մեկ աստիճան ցածր ամպամածության պատճառով», – ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով` եթե հուլիսի առաջին տասնօրյակում օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում նորմայից բարձր էր ընդամենը 0,3-0,5 աստիճանով, ապա կանխատեսվում է, որ մինչև ամսվա վերջ օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1–2 աստիճանով։
«Հուլիսին հյուսիսային շրջաններում տեղումները ևս կլինեն նորմայից ավել, Արարատյան դաշտավայրում` նորմային մոտ, իսկ հարավային շրջաններում` նորմայից ցածր, չնայած չնչին շեղումներին», – ասաց Պետրոսյանը։
Փորձագետի խոսքով` նմանատիպ կանխատեսում է սպասվում նաև օգոստոսին, մասնավորապես, կանխատեսվում է ջերմաստիճակի դրական շեղում, իսկ տեղումները կլինեն նորմային մոտ` բացասական շեղումով։
Պետրոսյանի խոսքով` հունիսին Հայաստանում տեղումները գերազանցել են նորման միջինը 1,5 անգամ բացի Արարատյան դաշտավայրից և Սյունիքի մարզից, որտեղ ցուցանիշները գրեթե նորմայի սահմաններում էին և անգամ փոքր–ինչ ցածր։
Ինչպես նշել է Պետրոսյանը, Հայաստանում ամռանը այսքան առատ տեղումներ են գրանցվել 2009 թ.–ին։–0–