Տարածաշրջանում ORBI GROUP շինարարական խոշորագույն ընկերությունը Երևանում գրասենյակ կբացի

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վրաստանի ORBI GROUP խոշորագույն շինարարական–դեվելոփերական ընկերությունը մտադիր է 2019 թվականի առաջին եռամսյակում վաճառքի իր գրասենյակը բացել Երևանում, հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Իրակլի Քվերգելիձեն Բաթումիում լրագրողների համար կազմակերխած պրես–տուրի ընթացքում։
«Իսկապես, զարմանալի է, որ մենք դեռ գրասենյակ չունենք Հայաստանում։ Մեր ռազմավարության համաձայն, պատրաստվում ենք բացել այն Երևանում 2019 թվականի առաջին եռամսյակում։ Մեր ընկերությունը շատ հաճախորդներ ունի Հայաստանից, մասնավորապես, Երևանից, և Հայաստանի մայրաքաղաքում մեր ներկայացուցչության բացման հարցը կարելի է լուծված համարել»,– ասաց Քվերգելիձեն։
Նրա խոսքով, ներկայում ընկերությունը 21 գրասենյակ ունի աշխարհի յոթ երկրներում։
«Մեր նպատակն է` ներկայացուցչություններ բացել ԱՊՀ երկրների` ավելի քան 500 հազար մարդ բնակչություն ունեցող բոլոր քաղաքներում»,– ասաց Քվերգելիձեն, հստակեցնելով, որ երկու տարվա ընթացքում ծրագրվում է ավելի քան 200 գրասենյակի բացում։
Նրա խոսքով, ընկերությունն իր հաճախորդներին եկամտաբեր բնակարաններ է առաջարկում հյուրանոցային լավագույն հյուրանոցներում, ինչպիսին, օրինակ, Twin Tower–ն է։ «Եկամտաբեր բնակարանները սեփականատիրոջ լիակատար սեփականության ներքո է։ Այնտեղ կարելի է ապրել և հանգստանալ տարվա յուրաքանչյուր եղանակին անսահմանափակ, իսկ սեփականատիրոջ բացակայությամբ և նրա ցանկությամբ մենք կապահովենք բնակարանի վարձակալություն։ Դա հնարավորություն է ընձեռում սեփականատիրոջը երաշխավորված եկամուտ ստանալ»,– ասաց Քվերգելիձեն։
Նա նաև նշեց, որ ցանկության դեպքում ORBI Group–ն ապահովում է Վրաստանում կեցության իրավունքի ստացում։ «Այն ստանալու համար մեկնարկային շեմը 35 հազ. դոլար է»,– ասաց Քվերգելիձեն։
Orbi Group ընկերությունը Վրաստանի առաջատար կառուցապատողն ու խոշորագույն միջազգային հոլդինգն է։ 20 տարվա ընթացքում ընկերությունը կառուցել է ավելի քան 2 մլն քառակուսի մետր, իսկ հոլդինգի աշխատողների թիվն աճել է մինչև 6000 մարդ։ -0-